
ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք
բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Հ-ն,
հանդիսանալով պաշտոնատար անձ, իր մտերիմ Հ.Խ-ին, նրա կնոջը՝ Ա.Բ-ին, նրա եղբորը՝ Ա.Դ-ին, իր ծանոթներ
Վ.Բ-ին և Ֆ. Բ-ին 2019 թվականի հոկտեմբեր ամսից ընդունել է աշխատանքի կազմակերպության տարբեր
հաստիքներում և հաստատապես տեղյակ լինելով նրանց կողմից 2019 թվականի հոկտեմբերից մինչև 2021
թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելու, աշխատանքային պարտականությունները
չկատարելու հանգամանքի մասին՝ մեկ միասնական դիտավորությամբ, յուրաքանչյուր տարի հաստատել և իր
ստորագրությամբ վավերացրել է կազմակերպության հաստիքացուցակները, որոնցում այդ անձինք ձևակերպված են
եղել որպես կազմակերպության աշխատողներ: Արդյունքում կազմակերպության բյուջեից չաշխատած օրերի դիմաց
որպես աշխատավարձի գումարներ նշված անձանց անվամբ անհիմն դուրս է գրվել շուրջ 9.200.000 ՀՀ դրամ
գումար. այդ կերպ Կ.Հ-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է առանձնապես
խոշոր չափերի՝ նշված գումարը։
Բացի այդ, նույն պաշտոնատար անձ Կ.Հ-ն առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման,
կազմակերպության տարածքում գտնվող երկհարկանի շինության շուրջ 250 քմ մակերեսով տարածքը 2019
թվականի հոկտեմբերին, ամսական 80.000 ՀՀ դրամ վարձավճարով, տրամադրել է Վ.Բ-ին և Ֆ.Բ-ին՝ կահույքի
արտադրություն կազմակերպելու համար, որի դիմաց վերջիններս 2019 թվականի նոյեմբերից մինչև 2021
թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում Կ.Հ-ին վճարել են պայմանավորված գումարը, որը նա չի
մուտքագրել կազմակերպության դրամարկղ և օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրացման եղանակով
հափշտակել է խոշոր չափերի՝ շուրջ 1.400.000 ՀՀ դրամ գումարը։
Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում
և խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական
դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով
և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա
մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական
ուժի մեջ մտած դատավճռով: