Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը փակուղային չի համարում։ Ալեն Սիմոնյանն այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Ես չեմ համարում, որ բանակցային գործընթացը փակուղային է, առավել ևս հայկական կողմի ակտիվ քաղաքականության և ակտիվ միջազգային շփումների շնորհիվ մենք գործընթացը, այնուամենայնիվ, ինչ-որ տրամաբանության ենք բերել, որը բոլորի համար ընդունելի տարբերակ է»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից է չեղարկվել Բրյուսելի եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի, ԵՄ-ի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, ԱԺ նախագահը պատասխանեց․
«Մեր կողմից նման հայտարարություն չկա, ենթադրում եմ, որ դա ադրբեջանական կողմից է»։
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է․, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: