
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ՝ Երևանի և այլ քաղաքների փողոցներում ավտոմեքենաների մեջ բարձր երաժշտության, անհարկի ազդանշանների և ավելի բարձր ձայն ստանալու համար խլացուցիչների փոխելու խնդիրները լուծելու համար։
«Երևանում և մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը, անհարկի ազդանշաններ տալը օրվա յուրաքանչյուր ժամերին, ինչպես նաև խլացուցիչների փոխարինումն ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ավելի խիստ օրենսդրական արձագանք ունենան` ընդհուպ կարգազանցի բարձրախոսների աուդիո համակարգի և ազդանշանի առգրավմամբ` զուգորդված բարձր տուգանքով»,- «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ արդեն մեկնարկել է աշխատանքը համապատասխան օրենսդրական կարգավորման ուղղությամբ, և այդ հարցով խորհրդակցություններ են ընթանում գործընկերների հետ։