ԱԺ-ն չընդունեց Ադրբեջանում պահվող հայ գերիներ...

Հայաստանի խորհրդարանը չընդունեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած հրատապ քննարկմանը ներկայացված «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: 

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկմանն առնչվող «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը քվեարկությամբ ստացավ 30 կողմ ձայն, կողմ քվեարկեց միայն ընդդիմությունը:  Իշխող ուժը քվեարկությանը չմասնակցեց։ 

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի տպավորությամբ՝ ընդդիմությունը գերիների հարցով քննարկում է հրավիրել քաղաքական նպատակներով: Ըստ նրա՝ հայ գերիները կվերադառնան, թե ոչ, կախված է ոչ թե նիստից ու ներկայացված հայտարարությունից, այլ Հայաստանի դիվանագիտական աշխատանքից:  

Քվեարկության դրված հայտարարության մեջ նշվում էր, որ Հայաստանի խորհրդարանը պետք է միջազգային դերակատարների ուշադրությունը կենտրոնացնի Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների, ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ: Հայտարարության մեջ նաև շեշտվում էր, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի բոլոր հայ գերիներին։