Ազգային ժողով են այցելել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյա...

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 8-ին հանդիպել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներին եւ հանդես եկել դասախոսությամբ: «Նորարարություն եւ առաջնորդություն» թեմայի շրջանակում ԱԺ փոխնախագահն ապագա սպաներին աշխատանքային գործունեության ընթացքում կուտակած իր գիտելիքներն ու փորձն է փոխանցել, խոսել ռազմարդյունաբերության ոլորտում մեր երկրի հաջողությունների, նորարարական ձեռքբերումների վերաբերյալ:

Ողջույնի խոսքում ԱԺ նախագահի տեղակալն արժեւորել է սպաների առաջնորդության հմտություններն ու կարծիք հայտնել, որ սպան միայն իր աշխատանքի նկատմամբ հավատով, զինվորներին ոգեւորելու, առաջնորդելու, իր հետեւից տանելու ունակություններով կարող է զինվորի ոգին բարձր պահել:

Նրա կարծիքով հանրության վստահությունը վայելելու համար անպայման պետք է նոր հնարավորություններ ստեղծել  զինվորների համար: «Զինվորը պետք է մտնի բանակ եւ նոր գիտելիքներով, նոր հմտություններվ, մարդկային նոր արժեքներով ու նոր շնչով վերադառնա հասարակություն»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակն ու հորդորել ապագա սպաներին շարունակաբար կրթվել ու նոր գիտելիքներ ստանալ՝ համաշխարհային նորարարական զարգացումներին համընթաց քայլելու համար:

Հակոբ Արշակյանը կարեւորել է այն փաստը, որ կուրսանտների շարքում նաեւ կանայք են՝ երկրի պաշտպանունակության բարձրացման հարցում ընդգծելով համակարգում կանանց ներգրավվածության շարունակական աճը:

Այնուհետեւ ծավալուն դասախոսության, ինչպես նաեւ հարցուպատասխանի ընթացքում  ԱԺ փոխնախագահը մանրամասն խոսել է արդյունաբերական հեղափոխության փուլերի ու դինամիկայի մասին, նշել, որ 21-րդ դարում տեխնոլոգիաները զարգանում են շուրջ 1000 անգամ ավելի արագ: Այս համատեքստում նա մանրամասնել է այն ազդեցությունը, որն ունի տեխնոլոգիական հեղափոխությունը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական ու անվտանգային համակարգերի վրա: Անդրադարձ է եղել նաեւ արհեստական բանականության ընձեռած առաջընթացին ու հնարավորություններին, նաեւ նորարարական համակարգերի դեմ հաճախ հանրության դիմադրության հաղթահարման ուղիներին:

«Մենք պետք աշխարհին ներկայանանք որպես խնդիրներ լուծող, եւ դա մեծապես նորարարության, կրթության, նոր գիտելիքներ ստանալու, չվախենալու արվեստն է: Բոլոր մարտահրավերներն էլ հաղթահարելի են, դրա համար կամք, վճռականություն, աշխատանքում նոր գիտելիքներ են պետք»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

Նշենք, որ կուրսանտներն Ազգային ժողով են այցելել պիլոտային ծրագրի շրջանակում: Նման հանդիպումների նպատակն է ապագա սպաներին զինել գործնական ու տեսական նոր գիտելիքներով: