«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ի...

«Ազատ հայրենիք» կուսակցությունը նոյեմբերի 9-ին կանցկացնի համագումար, որտեղ որոշում կընդունվի 2020թ․-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է կուսակցության ղեկավար, Արցախի նախկին վարչապետ և պետնախարար Արայիկ Հարությունյանը.

«Հարգելի՛ հայրենակիցներ, օրեր առաջ արդեն հայտարարել եմ, որ նոյեմբերի 9-ին տեղի է ունենալու «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարը: Կուսակցական այս կարևոր միջոցառումը կանոնադրության պահանջ է, որի նպատակն է երկու տարին մեկ ընտրել կուսակցության գործադիր մարմին՝ խորհրդի կազմը և կուսակցության նախագահին, ինչպես նաև նախանշել այն ծրագրերը, որոնք պետք է իրականացնենք առաջիկա ժամանակահատվածում:Ի լրումն նշեմ, որ կայանալիք համագումարի օրակարգային հիմնական հարցերից է լինելու գալիք համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցության մասնակցության ձևաչափը: Մասնավորապես՝ որոշում կկայացվի սպասվող նախագահական ընտրություններին սեփական թեկնածու առաջադրելու վերաբերյալ:

Տեղեկացնեմ նաև, որ այդ առթիվ կուսակցության տարածքային բոլոր կառույցներից իմ թեկնածության առաջադրման շուրջ ստացել եմ առաջարկներ, որոնց վերաբերյալ վերջնական որոշում կհրապարակվի համագումարի ժամանակ»: