Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-ում հրապարակել է գրառում, որում կոշտ քննադատության է ենթարկել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Դա պայմանավորված է Նոր Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ նրա հայտարարություններով։
«Կցանկանայի նաև հիշեցնել «կովկասցի» Սիմոնյանին, որ հայտարարություններ անելուց առաջ լուրջ, հեղինակավոր լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը պետք է ստուգի տեղեկությունը, նոր միայն եզրակացություններ և PR անի թարմ թեմայի շուրջ»,- ասել է Կադիրովը։ Նա ընդգծել է, որ մի քանի լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներն ի պատասխան այն հարցին, թե ինչու են կովկասցիները բացասական լույսի ներքո հիշատակվում, իրեն պատասխանել են, որ առանց դրա դիտումներ չեն լինի։
Կադիրովն ընդգծել է, որ լրատվամիջոցների քաղաքականությունը կխաթարի հասարակության միասնությունը։ «Ինչո՞ւ չեն գրում, թե ինչպես են կովկասցիները մետրոյում մի աղջկա պաշտպանում սլավոնական արտաքինով հարբած կռվարարներից»,- հարցրել է Չեչնիայի ղեկավարը: Նա հավելել է, որ դիմում է նախագահի աշխատակազմին և Պետդումային՝ պահանջելով դադարեցնել այս միտումը։ Նրա կարծիքով՝ լրագրողների գործողությունները վիրավորում են միլիոնավոր ռուսների ազգային ու կրոնական զգացմունքները։
Արդարության համար նշենք, որ Նոր Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ազգաին պատկանելիության մասին հայտնել է հենց ՌԴ Ներքին գործերի նախարարությունը։



