Այսօրվանից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեակա...

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, որոնցով փոփոխությունների են ենթարկվում գործող օրենսդրությամբ նախատեսված մոտեցումներն ու ինստիտուտները:

Նոր օրենսդրությունը սահմանում է որակական նոր նշաձող քրեական արդարադատության ոլորտում՝ միտված լինելով հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին, քրեական վարույթի արդյունավետ կառուցակարգի նախատեսմանը, կալանքի, ազատազրկման կիրառման նվազեցմանը, պատժի անհատական պլանավորման ներդրմանը և հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման ապահովմանը:

Օրենսգրքերի կիրառությունն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվել է ծավալուն աշխատանք։ Մասնավորապես.

իրականացվել են բազմաթիվ քննարկումներ շահագրգիռ մարմինների հետ` հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրությունը հնարավորինս սահուն գործարկելու նպատակով,

մշակվել և ընդունվել են հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող շուրջ 100 օրենքների և շուրջ 2 տասնյակ ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր,

իրավակիրառ մարմինների աշխատակիցների համար ամիսներ շարունակ իրականացվել են վերապատրաստումներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ,

վերապատրաստումներին համընթաց և դրանց հիման վրա մշակվել են տեսադասախոսություններ, որոնք հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում (https://justiceacademy.am/#2413) և յութուբյան ալիքում (https://bit.ly/3xzGrWk),
զուգահեռաբար Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակվել են Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ուղեցույցները:

ՀՀ գխավոր դատախազությունը կոչ է անում իրավակիրառ մարմինների գործընկերներին հնարավորինս շատ օգտվել նոր օրենսգրքերով նախատեսված արդյունավետ լուծումներից, որոնք ուղղված են վարույթային արդյունավետության ապահովմանը, հանցանքների բացահայտմանը, ինչպես նաև մարդու իրավունքների առավել բարձր երաշխիքների նախատեսմանը:

Օրենսգրքերն ուժի մեջ մտնելուն պես նախարարությունը հետևողական է լինելու` վեր հանելու բոլոր հնարավոր խնդիրները և ապահովելու դրանց հասցեագրումը։