
Սիրելի´ շիրակցիներ, պայմանավորված մարտի 30-ին սպասվող ընտրություններով, այսօրվանից կլինեմ արձակուրդում` ղեկավարելու «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական շտաբը: Այս մասին իր էջում գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սա ոչ միայն քաղաքական պարտականություն է, այլ առաջին հերթին պատասխանատվություն յուրաքանչյուր գյումրեցու առաջ: Նաև ստացվել է այնպես, որ ես եմ եզրափակում նախընտրական ցուցակը:
Մեր Սարիկին վստահում ենք ամբողջովին, մեր նախընտրական թիմի յուրաքանչյուր անդամի ունակություններին հավատում ենք լիովին.
սա է պատճառը, որ ամբողջ թիմով ներկայացնելու ենք ձեզ մեր նախընտրական ծրագիրը, պատմելու ենք առաջիկա 5 տարիների պլանների, բոլորիս տունը` Գյումրին առավել շքեղ, տնտեսապես ուժեղ, գրավիչ ու մրցունակ քաղաք դարձնելու մասին:
Մեզնից շատերը, այդ թվում ես, վերջին տարիներին հնարավորություն ունեցել ենք ձեզ ցույց տալ մեր պատկերացումներն ու ձգտումները մեր հարազատ քաղաքի մասին, որոշ դեպքերում հասցրել ենք ինչ-որ բան փոխել, որոշ կարևոր գործեր ընթացքի մեջ են:
Թե փոխքաղաքապետի, թե պատգամավորի, և թե արդեն մարզպետի` իմ գործունեության ընթացքում, կարելի է ասել, կետ առ կետ եմ հասցեագրել, առանձին ուսումնասիրել Գյումրու ամեն մի խնդիր, հետո ժամանակը ցույց տվեց, որ թիմով նույն կերպ ենք պատկերացնում լուծումների ճանապարհային քարտեզը:
Նորություն չեմ ասի, եթե պնդեմ, որ մեր քաղաքը պետության ուշադրության կենտրոնում է, առաջնահերթությունների մեջ: Հետևաբար, սա է իսկական ժամանակը բարեփոխումներն ամբողջական ու որոշիչ փուլ մտցնելու:
Մի քանի օր և վերջնական ու կայուն որոշմամբ լավ ժամանակներ ենք բերելու մեր քաղաքին, շարունակելու ենք Գյումրին ավելի ուժեղ դարձնել: Այդ գործում մեծ է յուրաքանչյուրիդ դերը: Ու ինչպես շատ եմ ասել` հավատում եմ, որ գյումրեցին լավ գիտի իր ընտրությունը:
Այսպիսով` բոլորով, սարի պես` մեր Սարիկի թիկունքին»:
Նշենք, որ Գյումրիում ավագանու ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին, առաջադրվել է 6 կուսակցություն եւ 3 դաշինք: Քարոզարշավը կմեկնարկի մարտի 15-ից: