Այսօր մեկնարկած «Երևանյան երկխոսություն» համա...

Հույս ունեմ, որ այսօրվա զեկույցի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել և ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այս մասին Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մեկնարկած «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում առիթ ունեցել եմ ներկայացնելու խաղաղության օրակարգը, խաղաղության օրակարգի իրականացման վերաբերյալ մեր պատկերացումները և ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր ռազմավարությունն է, մեր ռազմավարական որոշումն է մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին: Ես հույս ունեմ, որ այսօրվա զեկույցի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել և ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իհարկե, մենք լիարժեք և ամբողջական այդ մասով մեր պատասխանատվությունը կիրացնենք:

Ուրախ եմ արձանագրել, որ մենք նաև մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ, որպեսզի այս պատմական հնարավորությունը բաց չթողնվի, և թույլ տվեք արտահայտեմ իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի, որովհետև, իհարկե, ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ: Այն փաստը, որ մենք այս միջավայրում՝ միջազգային և տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում, կարողացանք ավարտին հասցնել, փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, հաջողությամբ փակել, այսինքն ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա իհարկե, շատ կարևոր և շատ մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն»,- ասել է վարչապետը:

Նա շնորհակալություն է հայտնել Սլովակիային, Սլովակիայի կառավարությանը և անձամբ վարչապետ Ֆիցոյին այս հարցում իրենց ցուցաբերած աջակցության համար, որովհետև Սլովակիան առաջին երկրներից է, որ ողջույնել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, համաձայնեցումը, խաղաղության նախագծի և, իհարկե, այն երկրներից է, որ սպասում է համաձայնագրի ստորագրմանը։

Փաշինյանը նշել է, որ ընդունել է Սլովակիայի վարչապետի առաջարկը՝ այցելելու Սլովակիա: