Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը միախառնելու է խնդիրները, որոնք Հայաստանի համար ազգային կարևորություն ունեն, և այն թեմաները, որոնք ընդհանուր ԵՄ մասշտաբով այս պահին բավականին հետաքրքիր են քննարկումների համար: Այդ մասին «Լուրերի» ուղիղ եթերում ասաց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ներկայացնելով, թե ինչ թեմաների շուրջ են ծավալվելու քննարկումները ՀՀ-ում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում:
«Հիմնական քննարկումների ուղղությունները լինելու են հիբրիդային վտանգները և ժողովրդավարական դիմակայունությունը, հաղորդակցությունը, կանաչ փոխակերպումը և էներգետիկան»,- ասաց նախարարի տեղակալը:
Հարցին՝ գագաթնաժողովը ինչքանո՞վ է Հայաստանը մոտեցնում ԵՄ-ին, արտգործնախարարը պատասխանեց. «Սա եվրոպական մայրցամաքում տեղի ունեցող հիմնական միջոցառումներից մեկն է, որը տարին երկու անգամ է տեղի ունենում, և այսօր, կարելի է ասել, որ Հայաստանը Եվրոպայի սիրտն է, և հիմնական քաղաքական դեբատը, որը Եվրոպայում տեղի է ունենում, ընդհանուր առմամբ այսօր կենտրոնացած է լինելու Հայաստանում: Շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից»:
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ-ն գագաթնաժողովից, նախարարի տեղակալը պատասխանեց. «Մեզ համար շատ կարևոր է մեր միջազգային ներգրավվածության և Հայաստանի իմիջի մեծացումը: Այսօրինակ միջոցառումները դրա լավագույն հիմքն են ստեղծում»:
Վահան Կոստանյանը նաև հիշեցրեց՝ այս տարի, բացի ԵՔՀ-ից, Հայաստանում անցկացվելու է նաև COP17-ը, և շատ այլ կարևոր միջոցառումներ էլ կան, օրինակ՝ Հայաստան-ԵՄ գագաթնաժողով, Ֆրանսիայի նախագահի պետական այց, դրան հետևելու է ամենամյա դարձած Երևանյան երկխոսությունը:
«Մենք փորձում եք մեծացնել հորիզոնը, որտեղ Հայաստանը ասելիք ունի ընդհանրապես միջազգային հարթակներում, բարձրացնել նաև Հայաստանի տեսանելիությունը նույնօրինակ միջազգային մամուլում, և այսօր տեսնում ենք, որ դա իրականություն է դառնում»,- ասաց նա:
Հարցին՝ գագաթնաժողովի ավարտին նախատեսվո՞ւմ է համատեղ հայտարարության ընդունում, և ի՞նչ է այն ենթադրելու, ԱԳ նախարարի տեղակալը պարզաբանեց՝ ԵՔՀ ձևաչափն ինքնին չի նախատեսում ընդհանուր համատեղ հայտարարությունների ընդունում, և սա ավելի շատ հարթակ է մտքերի փոխանակության համար:
«Շատ հաճախ, երբ տարբեր պատվիրակություններ կենտրոնանում են տեքստերի համաձայնության վրա, չի մնում ժամանակ բաց և անկեղծ երկխոսություն ծավալելու և քննարկումներ ունենալու, իսկ այս ձևաչափում առավելապես կենտրոնացած ենք հենց այդ երկխոսության և քննարկումների վրա»,-ասաց նա:
Նշենք, որ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին մասնակցում է 43 բարձրաստիճան պատվիրակություն՝ շուրջ 500 մասնակից:



