Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր ցուցարարների նկատմամբ ակտիվ գործողություններում ներգրավված ոստիկանների շարքում պատահաբար նկատեցի ուժի կիրառման հատուկ միջոցներով զինված, խրոխտ հայացքով մեկին և հիշեցի երկար տարիների վաղեմությամբ մի միջադեպ. քրեական գործ էի քննում Երևանի զովացուցիչ ըմպելիքների մի գործարանում՝ տնօրենի կողմից աշխատակցուհու բռնաբարության փաստի առթիվ։ Այս կարմիր բերետավորի կինն էր, իսկ նա այդ ժամանակ աշխատում էր ՀՀ դատարաններից մեկում՝ որպես կարգադրիչ։ Սկզբում գործի ընթացքը կարծես նորմալ էր գնում, տուժողը պատշաճ դատավարական վարքագիծ էր դրսևորում, աջակցում էր քննությանը, նրա ամուսինը,…դե պարզ է, բայց առերևույթ չէր խանգարում։ Ու հանկարծ մի պահի սկսեցին ամուսիններով միահամուռ կերպով պնդել, որ տեղի ունեցածը կնոջ ազատ կամահայտնության արդյունք է, իհարկե սկզբում մի փոքր համոզում-հարկադրանք եղել է, սակայն հետո կարծես հաճելի է դարձել։ Մի խոսքով, ակնհայտ էր, որ տնօրենին նորմալ կլպել էին ու նաև խոստում տվել…։
Ինչու՞ այսքան մանրացա, որպեսզի պարզ լինի, որ դժվար է հերքել այն տեսանելի կանխավարկածը, որ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումներում ընդգրկված՝ հասարակության նկատմամբ, հանուն իշխանության, այս օրերին բռնություն կիրառողների շարքում մեծ թիվ են կազմում նմանօրինակ անցյալ ու բարոյականություն ունեցող անձինք, որոնցից ամեն ինչ սպասելի է և զարմանալ պետք չէ, սրանց համար հայրենիքը խորթ հասկացություն է։ Իսկ ՀՀ հայրենակործան ղեկավարն իհարկե մասնագիտացել է այսպիսի՝ բարոյապես խոցելի մարդկանց իր աթոռապաշտական նկրտումներում տարբեր ոլորտներով օգտագործելու հարցում»։