Այսինքն ով ուզի ընդունվի ԲՈՒՀ, էդպես չի լինու...

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի համաձայն՝ 2017-2018 ուսումնական տարվանից նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվում է բացառապես անվճար ուսուցման համակարգում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարեկան հատկացված տեղերին համապատասխան՝ մրցութային կարգով:

Նախագծերի համահեղինակներ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը և «Լուսավոր Հայաստան»-ից Հարություն Բաբայանն առաջարկում են, որպեսզի նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում հիմնական կրթության հիմքով ընդունելությունը կատարվի ոչ միայն անվճար ուսուցման համակարգով, այլև վճարովի համակարգով։

«Մենք ընդհանրապես պետք է գնանք բուհական տեղերի զգալի կրճատման, անցյալ տարվա թվերն ասեմ՝ դիմորդների 90%-ն ընդունվում է, սենց ո՞նց կլինի։ Փոխարենը կոնկուրսը բարձրացնենք, դուք սրանով խրախուսում եք, որ կոնկուրսը ջախջախվի և կոնկուրս չլինի ո՛չ միջին մասնագիտական հաստատություններում, ոչ էլ բուհերում, այսինքն ով ուզի ընդունվի, էդպես չի լինում»,- նկատեց Արայիկ Հարությունյանը։