Այսինքն, իշխանության վատ կառավարման համար, որ...

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․

Այս իշխանության մոտ արդեն սովորություն է դարձել սեփական սխալների վատ հետևանքները բարդել ժողովրդի վրա։

Քաղաքապետի մամուլի խոսնակն ասում է՝ ժողովուրդը բոյկոտում է տրանսպորտի թանկացման դեմ, որի պատճառով բյուջե բավարար գումար չի հավաքագրվում և մենք նոր տրոլեյբուսներ չենք կարող գնել։ Այսինքն, իշխանության վատ կառավարման համար, որ չեն կարողանում ճիշտ որոշումներ կայացնել, ժողովո՞ւրդն է մեղավոր:

Տրանսպորտի վերաբերյալ «Մայր Հայաստանի» կազմակերպած քննարկումներին չեկան, փախան նիստերի դահլիճից, որտեղ մենք կհիմնավորեինք, որ տրանսպորտի գինը թանկացնելու կարիք բնավ չկա, ճիշտ կառավարման արդյունքում այդ համակարգը կարող է գործել առանց թանկացումների։

Այո՛, ժողովուրդը պետք է պայքարի իր իրավունքների համար, տվյալ դեպքում` չթալանվելու։

Տրանսպորտի արժեքը պետք է մնա նույնը, որքան մինչ թանկանալն էր, և այդ դեպքում ժողովուրդը առաջվա պես արժանապատվորեն կվճարի իր երթևեկության համար, իսկ հավաքագրումները կլինեն ավելի շատ, քան հիմա է, արդյունքում կշահի և՛ քաղաքացին, և՛ համայնքը։

Դադարե՛ք հակաժողովրդական և հակաօրինական որոշումներ կայացնել, դադարե՛ք ժողովրդին որպես թալանվելու և տուգանվելու մատերիալ դիտարկել, հակառակ դեպքում արձագանքը լինելու է ոչ միայն ժողովրդի կողմից, այլ նաև օրենքի, ինչպես եղավ կարմիր և կապույտ կետագծերի դեպքում, երբ դատարանն արդեն երկրորդ անգամ, որոշեց, որ կայանման համար մինչև 160000 դրամ թանկացնելը ոչ իրավաչափ է։