
Ներկայում ամրապնդվում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամությունը, որը յուրաքանչյուր նոր ծրագրի հետ նոր բովանդակություն և շունչ է ստանում։
Այդ կարծիքը Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում հիմնված հրուշակագործության լաբորատորիայի բացման պաշտոնական արարողության ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այս ծրագիրը լավագույն վկայությունն է այն համագործակցության, որ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև զարգանում է հատկապես կրթության ոլորտում։ Այստեղ մեր գործընկերների ներկայությունը նույնպես վկայում է տվյալ ծրագրի կարևորության մասին, որն իր նպաստն է բերում կրթության որակի բարձրացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնցից առաջին հերթին շահում են սովորողները, և ձևավորվում են այն մրցունակ, կոմպետենտ կադրերը, որոնք հետագայում իրենց աշխատանքով իրենց նպաստն են բերում երկրի զարգացմանը»,- ասաց Անդրեասյանը։
Նա հավելեց, որ երեկ Սյունիքում տեղի ունեցավ երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովը, որը ցույց է տալիս, թե որքան բազմաշերտ և բազմաոլորտ համագործակցության մասին է խոսքը։
«Նման ծրագրերի միջոցով ավելի է ամրապնդվում համոզվածությունը, որ կա նաև շատ մեծ ներուժ, ուստի յուրաքանչյուր նոր քայլով պետք է նոր գաղափարների ու ծրագրերի մեկնարկ տանք։ Այստեղ ներկա երիտասարդների մասով վստահաբար նման գաղափարների պակաս չենք ունենա, և առաջիկայում կխոսենք նոր ծրագրերի մասին։ Ինչ վերաբերում է տվյալ ծրագրին, ապա ուրախությամբ իմացանք, որ ֆրանսիական հայտնի կրուասանների համար պետք չէ մեկնել Ֆրանսիա և այստեղ ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործունեության շնորհիվ կկարողանանք վայելել նույն որակի և նույն մակարդակի այն արտադրանքը, որն առաջին հերթին նպաստելու է հրուշակագործության զարգացմանը»,-ընդգծեց Անդրեասյանը։
Նրա դիտարկմամբ՝ սույն կենտրոնը շատ կարևոր տեղ է զբաղեցնում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում, ընդ որում՝ խոսվում է ոչ թե մեկ ուսումնական հաստատության, այլ որոշակի գերազանցության կենտրոնի կամ ռեսուրս կենտրոնի կարողությունների զարգացման մոդելի մասին, որի նշանակությունը համակարգային է։
«Այն, ինչ արվում է այստեղ, մեծ հաջողությամբ կարող է տարածվել համակարգում՝ նպաստելով մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում գործող մեր մյուս հաստատությունների զարգացմանը։ Դրան նպաստելու են ոչ միայն փորձառությունը, որն այստեղ կուտակվում է, այլև դասախոսների վերապատրաստման ծրագրերը, որոնք թույլ են տալու աշխատանքներն իրականացնել ամբողջ ծավալով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այս ծրագրերն ու ստեղծված հնարավորությունները ամբողջությամբ իրացվեն։ Կարևոր է ստեղծված հնարավորություններն օգտագործել առավելագույն արդյունավետությամբ և ի նպաստ երիտասարդների, և ոչ միայն նրանց կրթության։ Հայաստանում, թերևս, ամենաարագ ու դինամիկ զարգացող ոլորտները սննդի արտադրությունը և սննդի սպասարկման ծառայություններն են, ուստի սա նաև որակական նոր ստանդարտ ու շեմ կարող է սահմանել՝ բերելով նաև ծառայությունների որակի բարձրացում»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարի տեղեկացմամբ՝ ցանկություն կա տվյալ կենտրոնը վերածել արհեստների կամպուսի, որտեղ վստահաբար բազմաթիվ այլ մասնագիտական ուղղություններով առաջիկայում հնարավոր կլինի պատրաստել որակյալ մասնագետներ՝ սահմանելով կրթության նոր ուղենիշներ մյուս հաստատությունների համար։
Անդրեասյանը հիշեցրեց, որ նախորդ տարի մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում, թերևս, հեղափոխական փոփոխություն է գրանցվել, ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման» մասին ՀՀ նոր օրենքը, որը տևական ժամանակ մշակվել է միջազգային գործընկերների աջակցությամբ և հնարավորություն է տալիս, որպեսզի համակարգն ամբողջությամբ գործի ժամանակակից, ամենաարդիական պայմաններին ու չափանիշներին համապատասխան։