
«Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը չի հանդիսանում Եվրամիությանն անդամակցության հայտը:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Այս օրենքը չի հանդիսանում Եվրամիության անդամակցության հայտ: Այս օրենքը համապատասխանում է մեր՝ ԵՄ-ի հետ առավել մերձեցման ուղղությանը»,-ասաց փոխնախարարը:
Աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստ այս առումով ԱԳՆ-ն չի տեսնում:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը զարմանք հայտնեց: «Ստացվում է, որ օրենքն ընդունում ենք, բայց անդամակցության չենք ձգտում: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ ենք ընդունում այդ օրենքը»,-ասաց պատգամավորը:
Պարույր Հովհաննիսյանը պարզաբանեց. «Մենք սկսում ենք անդամակցության գործընթաց, բայց դա չի նշանակում անդամակցության հայտ ներկայացնել: Պարզապես դրա մասին եմ խոսում»:
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հստակեցրեց՝ խոսքն այս մասին է։ «Որովհետև, երբ գործընթացը սկսում է, մի որոշակի փուլում դա ենթադրելու է նաև անդամակցության հայտ ներկայացնել: Ոչ հիմա, գուցե մի տարի հետո: Բայց օրենքը հենց անդամակցության մասին է, որին պետք է նախորդի անդամակցության հայտը: Թե երբ, կախված կլինի դրան նախորդող գործողություններից»,-ասաց նա:
Փոխնախարարը համաձայնեց Արման Եղոյանի հետ: