Այս ինչ չարությամբ եք դուք լցված, դատավոր Սու...

Այստեղ եղել է դիտավորություն, իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ իր մոտ եղել է երկկողմանի թոքաբորբ, բայց միաժամանակ դիմել են անգործության: Հայաստանի Հանրապետության համար բացառապես լավը արած մարդուն նման առողջական վիճակի հասցնել՝ բայց վստահ եղեք մի բանում, այս առողջական խնդիրները անցողիկ են, սրանք բոլորը հաղթահարվելու են, բայց ի վերջո պատասխանատվությունն անխուսափելի է լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Այս ինչ չարությամբ եք դուք լցված, դատավոր Սուրեն Խաչատրյանի շարժառիթը ո՞րն է, որ վարույթ հարուցելու մասին որոշումը բեկանվում է»,- նշել է նա:

Անդրադառնալով բեկանելու մասին որոշմանը՝ փաստաբանը նշեց, որ պատճառը նշվել է՝ դատարանի Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ նոր բժշկական բնույթի հարցերի վերաբերյալ նոր հանգամանքի գտնելը. «Սամվել Կարապետյանը երևի ՀՀ-ի միակ կալանավորված անձն է, որը 6.5 ամիս երբևէ բժշկական հաստատություն չի տեղափոխվել ու արյան համալիր չի հանձնել, որովհետև այդ հնարավորությունը չի ունեցել: Դատավոր Սուրեն Խաչատրյանն ասում է՝ թե ելակետներ Սարգիս Պետրոսյանը չի ունեցել: Այս իրավիճակում, երբ պետության իրավասու պաշտոնյաները որևէ միջոց չեն ձեռնարկում, Հակակոռուպցիոն դատարանն ու Վերաքննիչ ատյանը նման բոլոր դեպքերում՝ պետության անգործության պայմաններում, գտել են որպես հիմք տնային կալանք կիրառելուն»:

Եզրափակելով իր խոսքը՝ փաստաբանը նշեց. «Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է մեկ կարգավորում՝ անձի կողմից եթե առկա է կալանք կամ տնային կալանք, դրա լրանալուց 5 օր շուտ պետք է դրա երկարաձգման վերաբերյալ միջնորդություն ներկայացնել:

Ըստ քննչական մարմնի՝ Սամվել Կարապետյանինը լրացել էր հունվարի 13-ին, քննիչի կողմից ներկայացվել է միջնորդություն տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ: Այն դիտարկվել է, վարույթ է հարուցվել և դատական նիստ է նշանակվել ժամը 16:00-ին: Քրեական դատավարության օրենսգիրքը որևէ կառուցկարգ խափանման միջոցների փոփոխության, երբ արդեն հստակ ժամկետն առկա է՝ չի նախատեսում: Հետևաբար, դատախազությունն ու քննչականը ամեն կերպ քաղաքական հետապնդման շրջանակներում երազում են տեսնել Սամվել Կարապետյանին կալանավորված, բայց իրենք ունեն խոչընդոտ՝ դա քրեական դատավարության օրենսգիրքն է: Կամ պետք է Հայաստանի Հանրապետությունում գան արձանագրեն, որ քրեական օրենսգիրքը դրվում է մի կողմ, կամ էլ պետք է ստիպված լինեն կրկին դիտարկել տնային կալանքի երկարաձգման միջնորդությունը, որի վերաբերյալ մենք ունենք առարկություն»: