2024 թվականի հունվարի 1-ից գիտական աստիճանի համար հավելավճարը կհատկացվի գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին՝ պահպանելով ներկայումս սահմանված՝ գիտական աստիճանի համար հավելավճարների չափը, այն է՝ գիտությունների դոկտորին՝ 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին՝ 25 000 դրամ: Այդ մասին որոշում կայացրեց Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 4-ի նիստին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս փոփոխությունից հետո հավելավճար կստանան միայն այն գիտական աշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորմամբ բազային ծրագրերում եւ աշխատում են առնվազն աշխատաժամանակի նորմալ ծանրաբեռնվածությամբ: Այս մոտեցման դեպքում այս գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան: Սա կարեւոր է, որ գիտական գործունեությունը դիտարկվի որպես պրոֆեսիոնալ եւ հիմնական զբաղմունք: Մեր դիտարկումներով, այս պահին բազային ֆինանսավորման ծրագրերում ներգրավված գիտական աստիճան ունեցող 2 162 անձանցից 778-ը այս պայմանների բավարարման խնդիր կունենան: Դրանով մենք կխրախուսենք, որ նարք եւս անցում կատարեն ամբողջական ծանրաբեռնվածությամբ աշխատանքի»:
Անդրադառնալով առաջարկվող փոփոխությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրեց՝ հունվարի 1-ից արդեն երրորդ անգամ անընդմեջ Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը բարձրացել է, և որ գործընթացը դեռ չի ավարտվել, աշխատավարձի բարձրացում է նախատեսվում նաև 2025 թվականի հունվարի 1-ից:
«Հիմա այս որոշմամբ ի՞նչ ենք ասում: Ասում ենք, որ մեր հարգարժան դոկտորները և գիտության թեկնածուները պետք է ավելի շատ գիտական գործունեությամբ զբաղվեն այն տեղերում, որտեղ աշխատավարձերը բարձրացել են և դեռ բարձրանալու են, որպեսզի ստանան նաև իրենց գիտական աստիճանի հավելավճարները»,- ասաց Փաշինյանը, ապա պարզաբանեց. «Քանի որ գիտության ոլորտում աշխատավարձերը փոխվել են, այդ նվազագույն աշխատավարձի հետ կապը նույնպես պետք է վերացնենք:
Եվ, այո՛, սրանով շուրջ 700 գիտնական այդ հավելավճարը ստանալ-չստանալու խնդիր կունենան: Բայց մեր նպատակն այն չէ, որ նրանք հավելավճար չստանան, մեր նպատակն այն է, որ մենք իրենց սրանով խրախուսենք, խնդրենք, քաջալերենք, որ իրենք բուն գիտական գործունեությամբ ավելի շատ զբաղվեն»:



