Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դ...

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը հուզիչ է որակել Հայաստանի կողմից Թուրքիա մարդասիրական օգնության և որոնողափրկարարական խմբի ուղարկումը: Այս մասին հաղորդում է Սամանթա Փաուերի գրառումը Twitter-ում: 

«Այնքան հուզիչ է տեսնել, թե ինչպես է մի կողմ դրվել տասնամյակների թշնամանքը՝ օգնելու հուսահատ կարիքի մեջ գտնվող մարդկանց: 35 տարվա մեջ առաջին անգամ բացվել է Հայաստանի և Թուրքիայի սահմանային անցակետը, որպեսզի օգնությունը հասնի երկրաշարժից տուժածներին։ Հայաստանն ուղարկում է 100 տոննա պաշար և որոնողափրկարարական խումբ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սամանթա Փաուերը։

Հայաստանը 27 հոգուց բաղկացած փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա՝ ավերիչ երկրաշարժից տուժած աղետի գոտի: Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Թուրքիայի Ադըյաման քաղաքում: Բացի այդ, Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա:  Հումանիտար օգնությունը տեղափոխող բեռնատարներն անցել են Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանով, որը Թուրքիան միակողմանիորեն փակել էր 1993 թվականին: