«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը...

Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը դասակարգել է որպես «աջ ծայրահեղական կազմակերպություն»՝ ամբողջ կուսակցության ծայրահեղական բնույթի պատճառով, որը անտեսում է մարդկային արժանապատվությունը, ասված է գործակալության մամուլի հաղորդագրության մեջ։

Դաշնային գրասենյակը մի քանի ամիս է, ինչ աշխատում է AfD-ի գնահատման վրա, սակայն դաշնային մակարդակով այն մինչ այժմ դասակարգվել է որպես «կասկածելի աջ ծայրահեղականություն»։ Ստացված կարգավիճակը նշանակում է, որ ամբողջ կուսակցությունը համարվում է հակասահմանադրական, պարզաբանում է Der Spiegel-ը։ Դա նվազեցնում է կուսակցությանը հետախուզական գործիքների միջոցով մոնիթորինգի արգելքները և թույլ է տալիս գաղտնալսել հեռախոսազրույցները և իրազեկիչեր հավաքագրել, գրում է պարբերականը։

Սահմանադրության պաշտպանության գրասենյակը նշում է, որ AfD-ում գերակշռող «ժողովրդի էթնիկական ծագման վրա հիմնված ընկալումը» «անհամատեղելի է հիմնարար ազատ ժողովրդավարական կարգի հետ»։ Օրինակ, կուսակցությունը գերմանայի քաղաքացիներին, որոնք «ունեն գերակշռող մուսուլմանական երկրներից միգրացիայի պատմություն», գերմանական ժողովրդի հավասար անդամներ չի համարում։

Սահմանադրության պաշտպանության գրասենյակը տարբերակում է հսկողության երեք մակարդակ՝ «նախնական ստուգում», «կասկած» և «ապացուցված ծայրահեղական միտումներ», պարզաբանում է Tagesschau-ն։ 2019 թվականին AfD-ն դասակարգվեց որպես նախնական ուսումնասիրության ենթակա կուսակցություն։ Այդ փուլում գործակալությունը իրավունք ուներ միայն հավաքելու և վերլուծելու կուսակցությունների ներկայացուցիչների հրապարակային հայտարարությունները։

Դաշնային գործակալության որոշումը, ինչպես գրում է Tagesschau-ն, ներկայացնում է գնահատման էական խստացում, թեև այն լիովին անակնկալ չի եղել։