
Այսօր հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Իմ խոսքում կարևորել եմ հանդիպումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը ռազմավարական առաջնահերթություն են։
Հանդիպման ընթացքում վստահություն եմ հայտնել, որ պատվիրակության այցը մեծապես կնպաստի օգոստոսի 8-ի՝ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացմանը։
Քննարկել ենք արհեստական բանականության ուղղությամբ ներդաշնակ քաղաքականությունների մշակման հնարավորությունները, Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգում ներդրումների իրականացումը և չիպերի նախագծման, նույնականացման և թեստավորման կարողությունների զարգացումը։ Անդրադարձ ենք կատարել նաև Հայաստանում ամերիկյան վերազգային ընկերությունների ներգրավվածության ընդլայնման, ներդրումների խթանման, արտահանման ընթացակարգերի պարզեցման, գիտահետազոտական (R&D) նախագծերի իրականացման, Firebird ընկերության` ԱԲ տվյալային կենտրոնի համար նախատեսված ենթակառուցվածքի համար արտահանման թույլտվություն ստանալու հետ կապված, ինչպես նաև երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանն առնչվող հարցերին։
Ամփոփելով հանդիպումը՝ հատուկ ուշադրություն ենք դարձրել կիբեռանվտանգության և տիեզերական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր այլ ուղղություններին»,-գրել է նա: