Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր՝ հունիսի 30-ին, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը։
Նշենք՝ Աղվան Հովսեփյանի փաստաբանները հայտարարություն էին տարածել այն մասին, որ Աղվան Հովսեփյանը գտնվում է «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ ԼՕՌ կլինիկայում։ Բուժման շրջանում Աղվան Հովսեփյանի մոտ դիտվել է գլյուկոզայի ցուցանիշների բարձրացում, որի կապակցությամբ նշանակվել է էնդոկրինոլոգի կրկնակի խորհրդատվություն։
Նշվածը հիմք ընդունելով, պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է հրավիրել արտահերթ դատական նիստ եւ կրկին քննարկել Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի փոփոխման հարցը։ «Քանզի ստեղծված իրավիճակի պայմաններում Հովսեփյանի կալանքի տակ գտնվելը ոչ միայն ապօրինի է, այլեւ իր մեջ պարունակում է խոշտանգման տարր»,- նշվում է փաստաբանները հայտարարության մեջ։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու մասին՝ արձանագրելով, որ առկա են բոլոր նախադրյալները՝ խափանման միջոցի փոփոխման համար։ Նա հրապարակել է բժշկական փաստաթղթեր՝ ներկայացնելով Հովսեփյանի մոտ առկա հիվանդությունները, որոնց թվում է նաեւ շաքարային դիաբետի 2-րդ տիպը, ինչն, ըստ փաստաբանի, ակնհայտորեն անհամատեղելի է կալանքի հետ։



