Axios. Իսրայելը գաղտնի կերպով ութ ամիս շարուն...

Իրանի միջուկային օբյեկտների, հրթիռային փորձարկման վայրերի, գիտնականների և գեներալների դեմ Իսրայելի կողմից իրականացված զանգվածային գործողությունը հաջորդել է ութ ամիս տևած ինտենսիվ գաղտնի նախապատրաստություններին, գրում է Axios-ը։

Գործողությունը Մերձավոր Արևելքում նոր պատերազմ է սանձազերծել, որի մեջ կարող է ներքաշել Միացյալ Նահանգները, ոչնչացրել է միջուկային համաձայնագրի բոլոր հույսերը և, թերևս, ամենամեծ հարվածը հասցրել իրանական ռեժիմին 1979 թվականի հեղափոխությունից ի վեր։ Եվ սա միայն սկիզբն է։

Ինչպես նշում է ամերիկյան պարբերականը, Իսրայելը այսպիսով փորձում է «վերացնել» Իրանի միջուկային ներուժը և բալիստիկ հրթիռների հնարավորությունները գործողության ընթացքում, որը, ինչպես կանխատեսվում է, կտևի առնվազն մի քանի օր, ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իսրայելի այլ պաշտոնյաներ նշել են, որ դա կարող է տևել շաբաթներ։ Իսրայելը փորձել է՝ բառացիորեն գործողության առաջին ժամերին՝ սպանել միջուկային գիտնականների, որոնք, ինչպես պնդում է, ունեն միջուկային ռումբ կառուցելու գիտելիքներ։

«Մոտ 25 գիտնական է սպանվել, որոնցից առնվազն երկուսի մահը հաստատվել է մինչ այժմ։ Իսրայելը նաև թիրախավորել է Իրանի զինված ուժերի ամբողջ բարձրագույն ղեկավարությանը», հաղորդում է Axios-ը։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Իսրայելի գործողությունը ներառում էր ոչ միայն օդային հարվածներ։

Պաշտոնյաները նշում են, որ Իսրայելի հետախուզական ծառայությունը՝ Մոսադը, տեղում ունի գործակալներ, որոնք գաղտնի դիվերսիոն գործողություններ են իրականացնում հրթիռային և հակաօդային պաշտպանության կայանների դեմ։

Առաջիկա օրերին Իսրայելը, ինչպես սպասվում է, կշարունակի հարվածել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին և այլ թիրախների։