Ավտոբուսների մասնակցությամբ 696 վթար՝ երեք ամ...

Վերջին ամիսներին ավտոբուսների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների մասին տեղեկությունները նկատելիորեն հաճախացել են։ Գրեթե շաբաթ չի անցնում առանց հերթական վթարի մասին լուրի․ երբեմն բախման թիրախում են հայտնվում ուղևորափոխադրող ավտոբուսները, երբեմն էլ հենց ավտոբուսներն են դառնում վթարի պատճառ։

Թե որոնք են նման պատահարների հիմնական պատճառները՝ միանշանակ գնահատական տալը դժվար է։ Խնդիրը կարող է պայմանավորված լինել ինչպես ճանապարհների վատ վիճակով, փոսերով ու ոչ պատշաճ կահավորմամբ, այնպես էլ մարդկային գործոնով՝ վարորդների անփութությամբ կամ երթևեկության կանոնների խախտումներով։ Այս հարցերի վերջնական գնահատականը, սակայն, մասնագետների տիրույթում է։

Պատկերը պարզելու նպատակով MediaHub-ը գրավոր հարցում է ուղարկել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին՝ հետաքրքրվելով, թե 2026 թվականի առաջին եռամսյակում ավտոբուսների մասնակցությամբ քանի ՃՏՊ և վրաերթ է գրանցվել, քանի մարդ է տուժել, և որոնք են եղել հիմնական պատճառները։

Ընկերությունից ստացված պատասխանի համաձայն՝ 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին գրանցվել է ավտոբուսների մասնակցությամբ ընդհանուր առմամբ 696 ճանապարհատրանսպորտային պատահար։ Հունվարին գրանցվել է 191 վթար, որոնցից 90 դեպքում (47.1%) վարորդը մեղավոր չի եղել, իսկ 101-ում (52.9%)՝ մեղավոր է ճանաչվել։ Փետրվարին արձանագրվել է 239 վթար, որոնցից 116-ում (48.5%) վարորդը անմեղ է եղել, իսկ 123-ում (51.5%)՝ մեղավոր։ Մարտին տեղի է ունեցել 266 վթար, որոնցից 116-ում (43.6%) վարորդը մեղավոր չի եղել, 130-ում (48.9%)՝ մեղավոր է ճանաչվել, 7 դեպք (2.6%) գնահատվել է որպես հավասար մեղավորություն, իսկ 13 դեպք (4.9%)՝ վիճելի։

Նշվում է նաև, որ առաջին եռամսյակում գրանցվել է ավտոբուսների մասնակցությամբ 2 վրաերթ։

Վթարների հետևանքով ընդհանուր առմամբ 26 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական հաստատություններ․ նրանցից 16-ի վնասվածքները եղել են թեթև, 5-ինը՝ միջին ծանրության, իսկ 5 դեպք գնահատվել է որպես ծանր։

Ըստ ներկայացված տվյալների՝ պատահարների հիմնական պատճառը շարունակում են մնալ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները՝ տարբեր երթևեկության մասնակիցների կողմից։

Ընկերությունից նաև պարզաբանել են, որ ներկայացված վիճակագրության մեջ ներառված են նաև ինքնավթարները, այսինքն՝ այն դեպքերը, երբ պատահարի մեղավորը միայն ավտոբուսի վարորդն է, և այլ տրանսպորտային միջոց չի ներգրավված։ Նշվում է, որ հաշվարկում ներառվել են նաև ամենափոքր պատահարները։