
Ավստրալիան պատրաստ է քննարկել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու առաջարկը, եթե այն ստացվի։ Այս մասին հայտնել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն Սիդնեյում լրագրողների հետ զրույցում։ «Եթե նման խնդրանք լինի, մենք կդիտարկենք այն»,- ասել է նա՝ նշելով, որ իր կառավարությունը ներգրավված է «Ուկրաինայում խաղաղապահների շուրջ քննարկումներում», իսկ նախարարների կաբինետը «բաց է ապագայում ցանկացած առաջարկ քննարկելու համար»։ Վարչապետը նշել է, որ «Ավստրալիան պատմականորեն կարեւոր դեր է խաղացել խաղաղության ապահովման գործում եւ ցանկանում է խաղաղություն տեսնել Ուկրաինայում», սակայն մինչ այժմ Կիեւը օգնություն չի խնդրել։ Ալբանեզեն նաեւ նշել է, որ Կանբերայի որոշումը Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հնարավորության վերաբերյալ «կախված չէ Միացյալ Նահանգների կարծիքից»: «Ավստրալիան ինքնուրույն է որոշում իր արտաքին քաղաքականությունը, եւ այժմ Կիեւին աջակցելը բխում է մեր ազգային շահերից»,- եզրափակել է կառավարության ղեկավարը։ Ավելի վաղ Financial Times թերթը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 24-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ չի կարողացել համոզել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին հակամարտությունը կարգավորելուց հետո աջակցել Ուկրաինա եվրոպական զորքերի ցանկացած տեղակայմանը: Թրամփը մինչ այդ հայտնել էր, որ դեմ չի լինի եվրոպացի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելուն։ Միաժամանակ ամերիկյան վարչակազմն ընդգծել է, որ ԱՄՆ զորակազմի մասնակցությունը բացառվում է։