Ավստրալիան 14 ռազմական նավակ կուղարկի Ուկրաին...

Ավստրալիայի կառավարությունն անհատույց 14 ռազմական կատեր կուղարկի Ուկրաինա՝ ավելի քան 9 միլիոն դոլար արժողությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարար Ռիչարդ Մառլզին։

Պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նա նշել է, որ ռազմական օգնության նոր փաթեթն «Ուկրաինային թույլ կտա ամրապնդել ծովային անվտանգությունը և ապահովել առափնյա պահպանությունը»:

«Ավստրալիայի զինված ուժերին պատկանող այդ արագընթաց  և շարժունակ նավակները կմեծացնեն Ուկրաինայի զինված ուժերի ծովային ներուժը և կօգնեն դիմակայելու Սև ծովում Ռուսաստանի հարձակումներին», - ասել է Մառլզը:

Ավստրալիայի պաշտպանության նախարարը նաև հիշեցրել է, որ Կանբերայի կողմից Կիևին տրամադրված ռազմական օգնության ընդհանուր ծավալը գերազանցում է 1,3 միլիարդ ավստրալիական դոլարը (856 միլիոն ԱՄՆ դոլար): Եվս մոտ 200 միլիոն ավստրալիական դոլար (մոտ 131 միլիոն ԱՄՆ դոլար) ուղարկվել է որպես մարդասիրական օգնություն։

2022 թվականի մարտից Ավստրալիան զենք և զինամթերք է ուղարկում Ուկրաինա, այդ թվում՝ Bushmaster զրահափոխադրիչներ, M777 հաուբիցներ, M113 զրահամեքենաներ, հակատանկային զենք և անօդաչու թռչող սարքեր։ ՏԱՍՍ-ը նշում է, որ բացի ռազմական օգնությունից, Կանբերան ուղարկել է 90 զինվորական հրահանգիչների, որոնք մասնակցել են Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի զինված ուժերի վերապատրաստմանը։