Ավելի քան 160 ուկրաինական անօդաչուներ գրոհել...

Ապրիլի 9-ի գիշերը ՀՕՊ համակարգերը ռուսական շրջաններում որսացել են ուկրաինական 164 անօդաչու թռչող սարք, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Հարձակումը տեւել է 10 ժամ եւ ավարտվել Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 6-ին։ Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խոցվել է Կրասնոդարի երկրամասում` 67, Ռոստովի մարզում` 29, Հյուսիսային Օսիայում` 15: Հարձակման են ենթարկվել նաեւ Վորոնեժի, Կուրսկի, Բելգորոդի, Պենզայի, Նիժնի Նովգորոդի, Սարատովի, Օրենբուրգի եւ Օրյոլի մարզերը, Ստավրոպոլի երկրամասը եւ բռնակցված Ղրիմը։ Օրենբուրգի մարզում անօդաչու սարքերը փորձել են գրոհել ռազմական օդանավակայանը, հայտնել է նահանգապետ Եվգենի Սոլնցեւը։ «Զոհեր եւ ավերածություններ չկան: Խնդրում ենք խուճապի չմատնվել, իրավիճակը վերահսկելի է»,- գրել է նա Telegram-ում։ Հյուսիսային Օսիայում անօդաչու թռչող սարքեր են խոցվել Մոզդոկի շրջանում, հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Նրա խոսքով՝ զոհեր եւ ավերածություններ չկան։ Ինչպես նշել է Astra-ն՝ հղում կատարելով տեղի բնակիչներին, Մոզդոկում հարձակման թիրախը եղել է նաեւ ռազմական օդանավակայանը։ Սարատովի մարզում, ըստ Shot-ի, պայթյուններ են որոտացել Էնգելս քաղաքում, որի մոտ տեղակայված է ռուսական ռազմավարական ռմբակոծիչների բազան։ Պենզայի շրջանում հարձակման է ենթարկվել Սերդոբսկի շրջանը, որտեղ տեղակայված է հրթիռային եւ հրետանային զենքի զինանոցը, գրել է Astra-ն։ Կրասնոդարի երկրամասում անօդաչու սարքերը գրոհել են Կուբանի Սլավյանսկի արվարձանները, որտեղ գտնվում է նավթավերամշակման գործարանը, Կրիմսկ քաղաքը եւ Ռաեւսկայա գյուղը։ Դոնի Ռոստովի Ակսայ արվարձանում անօդաչու սարքը լվացքի պարանից կախված է եղել Պլատովի փողոցի 74 տան տներից մեկում, հայտնել է Ռոստովի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։ Պայթյունի սպառնալիքի պատճառով բոլոր 48 բնակարանների բնակիչները տարհանվել են։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Բացի այդ, ուկրաինական անօդաչու սարքերի կողմից հարձակման են ենթարկվել Նովոշախտինսկը, Դոնեցկը, Զերնոգրադը եւ Տագանրոգը, ինչպես նաեւ Կամենսկի, Նեկլինովսկի, Չերտկովսկի, Տարասովսկի եւ Միլլերովսկի շրջանները։ Դոնեցկում եւ Զերնոգրադում անօդաչու թռչող սարքի բեկորների անկման պատճառով վնասվել են երկու բնակելի շենքերի տանիքներ։ Այս բոլոր քաղաքներն ու շրջանները գտնվում են Ուկրաինայի օկուպացված տարածքների մոտ։Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո Վլադիկավկազի, Վոլգոգրադի եւ Գրոզնիի օդանավակայաններում օդանավերի ժամանման եւ մեկնման սահմանափակումներ են մտցվել՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 7-ին սահմանափակումները հանվել են։ Այդ ընթացքում երեք ինքնաթիռ ուղարկվել է այլընտրանքային օդանավակայաններ. մեկը Վլադիկավկազ, մեկը՝ Վոլգոգրադ եւ մեկը՝ Գրոզնի։