Ավելի արդար կլիներ Արամին ծառայությունից ազատ...

Քաղաքացի Սարգիս Մելիքսեթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախորդ տարվա դեկտեմբերին թերթերից մեկում մի հոդված տեսա, որտեղ բոլորիս քաջ հայտնի Արամ MP3-ը հպարտանում էր, որ զորակոչվել է բանակ և գնում է հայրենիքի առաջ պարտքը կատարելու և հարցին, թե արդյոք գիտի որտեղ է ծառայելու, Արամը բացասական էր պատասխանել․․․
Բայց իմ պատմությունը Արամի մասին չէ, այլ եղբորս՝ Վահե Մելքիսեթյանի, ով մասնագիտությամբ նույնպես դեղագետ է և ի տարբերություն Արամի՝ աշխատում էր իր մասնագիտությամբ՝ դասավանդում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, զուգահեռաբար սովորում էր նույն բուհի ասպիրանտուրայում, ինչպես նաև աշխատում էր միջազգային հայտնի դեղագիտական ընկերության հայաստանյան մասնաճյուղում և մի քանի հասարակական կազմակերպություններում։ Ինչու՞ անցյալ ժամանակով, որովհետև եղբայրս նույն ժամանակահատվածում նույնպես զորակոչվել է ՀՀԶՈՒ` մասնակցելով վիճակահանությանը (Ի տարբերություն Արամի) և հայտնվել ՀՀ ԶՈՒ ամենահեռու զորամասերից մեկում, ինչը գործնականում անհնար էր դարձնում նրա գիտական աշխատանքի և դասախոսության համադրումը ծառայության հետ»։ 

Սարգիս Մելիքսեթյանի խոսքով` դիմել են ՊՆ, որպեսզի եղբորը այնպիսի տեղ տեղափոխեն, որը նրան հնարավորություն կտար շարունակելու ուսումն ասպիրանտուրայում և դասավանդել։ Նմանատիպ խնդրանքով դիմել էր նաև ԵՊԲՀ ռեկտորը, բայց բոլոր դիմումները մերժվել են.

«Իսկ Արամի համար ինչպե՞ս տեղ ստեղծեցիք, պարոնա՛յք․․․ 
Փաստորեն ես ճի՞շտ եմ հասկանում, որ մեզ գիտնական-դասախոսներ պետք չեն․․․
Կարծում եմ` եղբորս ու մյուս դեղագետների հանդեպ ավելի արդար կլիներ Արամին ծառայությունից ազատելը, քան այսպիսի ապօրինություններով նրա ծառայությունը Երևանում ապահովելը։ Բարի ծառայություն, տղե՛րք․․․»:

Politik.am-ի  հետ զրույցում Սարգիս Մելիքսեթյանն ասաց, որ իրենց և ԵՊԲՀ ռեկտորի դիմումները ՊՆ-ից մերժվել են` պատճառաբանությամբ, թե ազատ տեղ չունեն.

«Դիմել էինք Երևանում ծառայությունը անցկացնելու համար, որպեսզի գործնականում գիտական աշխատանքը, ծառայությունն ու դասախոսելը հնարավոր լինի համադրել: Մեզ պատասխանել են, որ տեղ չունեն: Սակայն այլընտրանք էլ չեն առաջարկել, օրինակ` Երևանում տեղ չունենք, կարող եք ընտրել այս տարբերակը: Պատասխանից կարող ենք ենթադրել, որ ուրիշ վայրում էլ առհասարակ ազատ տեղ չկար»:

ԵՊԲՀ ռեկտորն էլ նույն պատասխանն է ստացել` ավելացմամբ, որ ազատ տեղ լինելու դեպքում  խնդիրը կդիտարկեն: Մելիքսեթյանը գրառման մեջ դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին, կրթության և առողջապահության նախարարներին, սակայն վերջինիս հավաստամամբ` դեռ որևէ արձագանք չի եղել. 

«Եղբայրս  ուսումնառությունն ավարտել է գերազանցությամբ` ոսկե մեդալով և կարմիր դիպլոմով: Նրա համար երբեք գիտությունն ու կրթությունը բանակից խուսափելու միջոց չեն եղել, պարզապես այնպես է ստացվել, որ ուշ է զորակոչվել բանակ»:

Սարգիս Մելիքսեթյանն ավելացրեց` խնդիրը քաղաքական ենթատեքստ չունի, ինքը որևէ կառույցի չի մեղադրում.

«Պարզապես կարող եմ ենթադրել, որ կան որոշ շահախնդիր և կողմնակալ մարդիկ, որոնք այնպես են անում, որ այս հարցը չլուծվի: Արամի նկատմամբ ես կողմնակալ չեմ, պարզապես տեղեկացել եմ` նա նույնպես դեղագետ է, նույն ժամանակ է զորակոչվել, վիճակահանությանը չի մասնակցել և հայտնվել է այնպիսի տեղում, որտեղից կարողանում է զբաղվել իր գործունեությամբ: Սա է ամբողջ խնդիրը»:

Աննա Հովհաննիսյան