Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, թե երբ և ինչպիսի դեպքերում կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը: Նախարարը թեմային անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակմամբ:
«2025 թ. դեկտեմբերի աշխատավարձի փոփոխությունը ապահովագրության համակարգի շահառուի Ձեր կարգավիճակի փոփոխության հիմք չէ: Այսինքն, եթե նոյեմբերին ձեր աշխատավարձը եղել է մինչև 200000 դրամ, ուստի ապահովագրության համակարգում ներառված չէիք, իսկ դեկտեմբերին հավելավճարներով Ձեր եկամուտը ավելին է կազմել՝ Դուք շարունակում եք պահել ապահովագրության շահառու չլինելու Ձեր կարգավիճակը: Եթե Ձեր աշխատավարձը 2026թ. հունվարին կազմել է 200001 դրամից ավելի, ապա փետրվարի եկամտահարկի հաշվետվությամբ մենք դա կտեսնենք, մարտին դրա համար կառաջանա ապահովագրության գումարը վճարելու պարտավորություն և դրա վճարման մասին տվյալը ստանալուց հետո, ապրիլի 1-ից կակտիվանա Ձեր կարգավիճակը»,- գրել է նախարարը:
Ավանեսյանը նշել է, որ եթե քաղաքացու 65 տարին լրանում է հունվարին, կամ նա ստանում է որևէ կարգավիճակ, որն օրենքով հնարավորություն է տալիս պետության կողմից ապահովագրվելու (օրինակ` հաշմանդամության կարգ), ապա փետրվարի 1-ին նախարարությունը, հաշվի առնելով հունվարին տեղի ունեցած կարգավիճակի փոփոխությունը, պետության կողմից ապահովագրավճարը վճարելու համար ներկայացնում է շահառուի տվյալները և մարտի 1-ից ապահովագրության փաթեթը ակտիվանում է:
«Եթե ձեր կարգավիճակը փոխվել է այնպես, որ այլևս պետության կողմից ապահովագրված անձ չեք (օրինակ` լրանում է Ձեր 18 տարին), ապա ապահովագրվածի Ձեր կարգավիճակը կդադարի 18 տարեկանը լրանալու օրվան հաջորդող ամսի 1-ից: Ռեզիդենտության պայմանի փոփոխության կամ հաշմանդամության կարգի փոփոխության դեպքում, այս մասին վկայող Ձեր տվյալը փոփոխվում է տվյալ ամսին հաջորդող ամսի 1-ին, և չվճարողի կարգավիճակը կորցնում եք այդ ամսաթվից»,- գրառումը եզրափակել է Անահիտ Ավանեսյանը:
Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Համակարգի ամբողջական ներդրումն իրականացվելու է երեք փուլով և կավարտվի 2028 թվականին։



