
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) հայտարարել են, որ գիտեն իրանական ուրանի հարստացման մասին եւ անհրաժեշտության դեպքում կտեղեկացնեն Կառավարիչների խորհրդին։
«ԱԷՄԳ-ին հայտնի են Իրանում ուրանի հարստացման մակարդակների մասին զանգվածային լրատվամիջոցների վերջին տեղեկությունները։ Գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ասել է, որ ԱԷՄԳ-ն Իրանի հետ քննարկում է գործակալության վերջերս կատարած ստուգիչ գործունեության արդյունքները եւ անհրաժեշտության դեպքում այդ մասին կտեղեկացնի ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդին»,- նշվել է հայտարարությունում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը քննադատել է ԱԷՄԳ-ին միջուկային օբյեկտներից մեկում խախտումների մասին ոչ ստույգ զեկույցի համար։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին ընդգծել է, որ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի պահվածքը քաղաքավարի չէ։
Մինչ այդ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան Իրանին կոչ էին արել կատարել պարտավորությունները։
Այս մասին նշված է համատեղ հայտարարությունում, որը տարածել է պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցի հրապարակման հետ կապված։