Կառավարության նիստի ընթացքում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ համայնքների հետ համատեղ ֆինանսավորմամբ աշխատանքների հարցում որոշ դեպքերում դանդաղումներ կան, քանի որ շինարարական կազմակերպությունները «բավարարված են», և որոշ դեպքերում մրցույթներին չեն մասնակցում։
«Ծանրաբեռնված են»,- նախարարին ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նախարարն էլ հաստատեց՝ ծանրաբեռնված են, և այդ խնդիրը շատ լուրջ է։ Փաշինյանն էլ շարունակեց՝ խոսել են, որ ճանապարհաշինության ոլորտում անորակ աշխատանքները չեն ընդունվելու և ինքն ուզում է, որ նույն կերպ ընկալվի նաև շինարարության ոլորտը։
«Էտ սուբվենցիոն ծրագրերը գյուղերում են, համայնքներում են՝ աչքից հեռու, բայց եկեք պայմանավորվենք, որ Աստված չանի՝ որևէ տեղ մենք ֆիքսեցինք, որ անորակ աշխատանք է կատարվել և էդ անորակ աշխատանքը ընդունվել է», – սպառնաց Փաշինյանը։
Նա շարունակեց, որ որևէ արդարացում չի ընդունվելու, որևէ կոմպրոմիս չի լինելու՝ Հայաստանում անորակ աշխատանք չպետք է լինի։



