Աստանայում հաջորդ տարի կբացվի Թումո կենտրոն

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում 2026 թվականին կբացվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։ Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած հայտարարության ժամանակ ասաց Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Տոկաևի խոսքով՝ արհեստական բանականության և թվայնացման ոլորտները կարևոր ուղղություններ են երկու երկրների համագործակցության զարգացման համար։

«Ղազախստանում թվայնացումն արագ և դինամիկ է զարգանում։ Հայաստանը նույնպես էական հաջողությունների է հասել։ Այս ոլորտը հանդիսանում է նոր լոկոմոտիվ, որը հնարավորություն կտա խթանել երկու երկրների տնտեսությունների զարգացումը։ Մենք համաձայնության ենք եկել փոխանակել մեր փորձը արհեստական բանականության տեխնոլոգիաների և թվայնացման ուղղությամբ»,-նշեց Ղազախստանի նախագահը։

Նա ընդգծեց, որ համագործակցության շրջանակում նախատեսվում է ստեղծել նոր կրթական և տեխնոլոգիական հարթակ։

«Մյուս տարի Alem.ai կառույցի հիման վրա կստեղծվի «Թումո» Աստանա կազմակերպությունը»,-հայտարարեց Տոկաևը։

Բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթական ու առողջապահական համագործակցությանը։

«Ուսանողների փոխանակման համար ստորագրել ենք միջկառավարական համաձայնագրեր։ Մեծ պոտենցիալ կա առողջապահության ոլորտում՝ համաձայնեցրել ենք անցկացնել Հայաստանում Ղազախստանի, իսկ Ղազախստանում՝ Հայաստանի բժշկության օրեր»,-ասաց Ղազախստանի նախագահը։

Տոկաևը նշեց նաև մշակութային և մարդասիրական կապերի զարգացումը երկու երկրների միջև։

«Անցած տարի Աստանայում անցկացվեցին հայկական մշակույթի օրեր, իսկ Երևանում կազմակերպվեցին ղազախական մշակույթի միջոցառումներ։ Երևանում բացվել է Աբայի անվան պուրակ, իսկ այսօր Աստանայում բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան փողոց։ Սա արտահայտում է մեր ժողովուրդների հոգևոր սերտությունը»,- եզրափակեց Տոկաևը։