
Դատապարտում ենք աշխատավարձերի թաքուն բարձրացման գործընթացը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց, որ չորեքշաբթի կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրացուցիչ պարզաբանումներ ստանալու նպատակով մոտեցել է ՀՀ վարչապետին, որն էլ ասել է, որ նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը կրկնակի, ոչ թե 30 տոկոսով բարձրացնելիս առաջնորդվել է բյուջեի մասին օրենքով։ Նույնը պնդել է նաև խոսակցությանը միացած ֆինանասների նախարարը։
«Մենք հասկանում ենք, որ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան, բայց դա չի կարելի գաղտնի անել։ Հարցն այստեղ է», - ասաց Մարուքյանը՝ շեշտելով, որ աշխատավարձերի բարձրացումը չպետք է շրջանցեր նաև խորհրդարանը։