Աշխատանքը եղել է և շարունակում է մնալ մեր համ...

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Մայիսի 1-ի առթիվ ուղերձ է հղել։

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ:

Դարեր շարունակ աշխատանքն ու արարումը եղել են հայի ինքնության անբաժանելի մասը: Հայ մարդն իր ստեղծագործ աշխատանքով հայրենիք և պետականություն է կերտել:

Աշխատանքը եղել է և շարունակում է մնալ մեր համազգային բարօրրության և մեր երկրի անխաթար զարգացման հիմնարար ուղին: Միայն համառ և հետևողական աշխատանքով է կարելի հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել շոշափելի արդյունքների:
Խիստ առանցքային է պետականության դերը քաղաքացիների համար արժանապատիվ զբաղվածություն ապահովելու գործում:

Աշխատանքի արժևորումը՝ արժանապատիվ վարձատրությունը, սոցիալական կյանքի պայմանների ստեղծումն ու մեր քաղաքացիների լիարժեք զբաղվածությունը պետք է լինեն սոցիալական և տնտեսական քաղաքականության հիմնական առանցքը:

ՀՅԴ-ն կարևորում է սոցիալական արդարությունը, տնտեսական զարգացումը, հանրային արդյունքի արդար բաշխումը և համոզված է, որ սա է  արժանապատիվ քաղաքացի, ազատ, արդար և համերաշխ հասարակություն կերտելու ուղին:

Մաղթում ենք լավատեսություն՝ համոզված լինելով, որ մեր միասնական ջանքերը կարող են մոտեցնել բոլորիս համար ցանկալի այն ժամանակը, երբ յուրաքանչյուր հայի ընտանիքում մայիսի 1-ը իրապես կնշվի որպես Աշխատավորի և Աշխատանքի տոն»,-ասված է ուղերձում։