Միջազգային Doing Digital ֆորումն այս տարի վերադարձավ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով: Նպատակ ունենալով Հայաստանը դիրքավորել որպես ֆինանսատեխնոլոգիական հաբ՝ ֆորումը ներգրավել է ոլորտի թոփ մասնագետներին, այդ թվում՝ ամենապահանջված խոսնակ, աշխատահռչակ ֆուտուրիստ և մի շարք բեսթսելլերների հեղինակ Բրեթ Քինգին, Just Better և People Growth Organization-ի գործադիր տնօրեն Դիրք Օլմայերին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին և ՀՀ ֆինանսական ու տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ ներկայացուցիչների:
Ֆորումի ընթացքում անցկացվեցին մի շարք պանելային քննարկումներ ավելի քան 20 խոսնակների մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվեցին թվային փոխակերպման լավագույն փորձն ու առկա մարտահրավերները:
Ֆորումի ընթացքում անդրադարձ կատարվեց արհեստական բանականության զարգացման, դրա լայնամասշտաբ կիրառության ու թվայնացման օրակարգի պայմաններում մարդկային գործոնին և դրա դերի փոփոխությանը:
Միջոցառման ֆինթեք գործընկերն այս տարի Ամերիաբանկն է: Այն հարցին, թե ինչպես է ընթացել թվային փոխակերպումը Ամերիաբանկում, ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը պատասխանել է. «Թվային փոխակերպումը մեկ ամսվա կամ մեկ տարվա անելիք չէ: Այն պահանջում է շարունակական ջանքեր և առաջին հերթին՝ մտքի փոխակերպում: Արդեն 3 տարի է, ինչ անցնում ենք այս ճանապարհը։ Նախաձեռնում ենք միջոցառումներ, որոնք օգնում են կրճատել մեխանիկական աշխատանքը, ավտոմատացնում ենք մի շարք գործընթացներ ու հնարավորություն տալիս աշխատակիցներին զարգացնելու և կենտրոնացնելու իրենց հմտություններն առավել կարևոր անելիքների վրա: Բացի այդ, թվայնացումը թույլ է տալիս լինել առավել հաճախորդակենտրոն և ճկուն: Այսօր հաղթում է ոչ թե մեծը, ուժեղը, այլ նա, ով կարողանում է արագ արձագանքել փոփոխություններին»:
Նշենք, որ 2023-ին Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում:
Մեզ հետ զրույցում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ընդգծեց, որ ընկերությունը հասցրել է մշակել մի շարք թվային լուծումներ՝ զգալիորեն նվազեցնելով բանկ այցելելու անհրաժեշտությունը։ «Ամերիան, ըստ էության, արդեն ֆինթեք ընկերություն է, քանի որ գործարքների 98%-ը կատարվում է մասնաճյուղերից դուրս։ Ավելին, ընկերությունը առցանց է տրամադրել մանրածախ և ՓՄՁ վարկերի ավելի քան 95%-ը։ Այսօր թվային է նաև Ամերիաբանկի հիփոթեքային վարկերի 51%-ը»։
Ամերիաբանկի ներկայացուցիչը կարևորեց թվայնացման անհրաժեշտությունը ոչ միայն հաճախորդների հարմարավետության և դրական փորձառության, այլև անձնական տվյալների անվտանգության և մարդկային գործոնով պայմանավորված ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից: