Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ Թեհրանը տեղեկություն ուներ Սիրիայում հակակառավարական խմբավորումների հնարավոր հարձակման մասին։ Նրա խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։
Արաղչին նշել է, որ Իրանն այդ տվյալները փոխանցել է Սիրիայի իշխանություններին։
«Զարմանալի էր սիրիական բանակի հակադարձելու անկարողությունը, ինչպես նաեւ իրադարձությունների զարգացման արագությունը, որն անսպասելի էր»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադն ինքը «զարմացած էր, թե ինչպես է գործում իր սեփական բանակը»։ «Հասկանալի էր, որ Սիրիայում ճիշտ վերլուծություն չկա։ Ես կարծում եմ, որ սիրիական բանակը հոգեբանական պատերազմի գերության մեջ է հայտնվել»,- ասել է Արաղչին։ Reuters-ը, հղում կատարելով աղբյուրներին, գրել է, որ սիրիական հակակառավարական ուժերը դեռ կես տարի առաջ էին տեղեկացրել Թուրքիայի իշխանություններին լայնածավալ հարձակման պլանների մասին։ Գործակալությունը նշել է, որ հակակառավարական խմբավորումները չեն կարողացել գործել՝ չտեղեկացնելով Անկարային, որը «սիրիական ընդդիմության գլխավոր աջակիցն էր երկրում պատերազմի առաջին օրերից»։
Թուրքիային իրենց պլանների մասին տեղեկացնելով՝ խմբավորման ղեկավարները կարծել են, որ ստացել են Անկարայի «լուռ հավանությունը» հետագա գործողությունների համար։
Թուրքիայի փոխարտգործնախարար Նուհ Յըլմազը դեկտեմբերի 8-ին ասել է, որ Անկարան կապ չունի հակակառավարական խմբավորումների հարձակման հետ եւ իր հավանությունը չի տվել։