ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Արտաշատի քրեական հետախույզները հուլիսի 24-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 16-ամյա երկու պատանու: Երրորդ 16-ամյա պատանին բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել ինքնակամ:
Պարզվել է, որ փետրվարի 5-10-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, նրանք կոտրել են Արարատի մարզի Ոստան գյուղում գտնվող մի ՍՊԸ պատուհանի փականը և գողացել էլեկտրական հորատիչ (պերֆորատոր)՝ պատճառելով մոտ 170 հազար դրամի վնաս:
Պարզվել է նաև, որ հունվար-փետրվար ամիսներին պատանիները մի քանի անգամ մուտք են գործել Արտաշատի Այվազովսկու փողոցում գտնվող մի ՍՊԸ տարածք և գողացել հոսանքի կայունացնող սարք, էլեկտրական պարագաներ, պղնձե և այլումինե մասեր՝ պատճառելով մոտ 600 հազար դրամի վնաս:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:



