Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Հաստատում ենք, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»,– ասացին հակակոռուպցիոն կոմիտեից։
Մեր տեղեկություններով՝ Արտաշատի համայնքապետարանի կալանավորված պաշտոնատար անձը Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի օգնականն է։
Նշենք, որ քրեական վարույթն առնչվում է Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առերևույթ հափշտակությունների և պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերին։ Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են։