Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» բժշկական կենտրոն:
Ինչպես տեղեկացնում է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունը, նա հանդիպում է ունեցել բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Հայկ Հովհաննիսյանի և բուժանձնակազմի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը:
Խորհրդակցության ընթացքում նախարարը ներկայացրել է իր հանձնարարությամբ ստեղծված ճգնաժամային կառավարման ընթացիկ աշխատանքները, անդրադարձել առկա խնդիրների հնարավոր լուծումներին ` նշելով, որ ընթանում է նաև իրավական գործընթաց։
«Ֆինանսական և կառավարչական սխալները չպետք է անդրադառնան բուժաշխատողների աշխատանքային իրավունքների և պայմանների վրա:
Անհրաժեշտ է շարունակել պատշաճ բուժօգնությունը մեր քաղաքացիներին։ Բժշկական կենտրոնը սարքավորումներով հագեցնելու հարցը իմ օրակարգում կլինի։ Պետք է համատեղ աշխատենք առկա խնդիրները արագ կարգավորելու ուղղությամբ, իսկ ձեզնից ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական և ֆինանսական կարգապահություն»,- իր խոսքում նշել է Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը նշել է, որ բուժկենտրոնում կլինի վարչական հատվածի փոփոխություն։ Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանով: