Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) կոչ է արել ավիաընկերություններին դադարեցնել թռիչքները դեպի Ռուսաստանի հինգ քաղաքներ Չեչնիայում ՀՕՊ համակարգերի կողմից խոցված «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) մարդատար ինքնաթիռի մահացու վթարից հետո: Կարգավորողի սեւ ցուցակում են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Եկատերինբուրգը, Դոնի Ռոստովը և Սամարան։
EASA-ն իր առաջարկությունը հիմնել է Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի վրա, որը ստեղծում է Ռուսաստանի երկնքում քաղաքացիական ինքնաթիռների վրա ոչ միտումնավոր հարձակումների վտանգ՝ իշխանությունների և զինվորականների միջև վատ համակարգման, ինչպես նաև սխալ նույնականացման պատճառով: Մասնավորապես, վտանգ է ներկայացնում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը, որն ակտիվանում է՝ ի պատասխան երկրի խորքերն ուկրաինական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արձակման, նշել է գործակալությունը։
Քանի որ ներկայումս ԵՄ ոչ մի ավիաընկերություն չի թռչում դեպի Ռուսաստան կամ նրա տարածքով, EASA-ի դիմումը վերաբերում է երրորդ երկրների փոխադրողներին, որոնք շարունակում են դա անել՝ չնայած պատերազմի հետ կապված ռիսկերին: Հանձնարարականն ուժի մեջ կմնա մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը, սակայն կարող է վերանայվել կամ հետ կանչվել ավելի վաղ՝ կախված անվտանգության իրավիճակից:
Արտասահմանյան յոթ ավիաընկերություններ արդեն որոշում են կայացրել մասամբ չեղարկել դեպի Ռուսաստան թռիչքները։ Դրանց թվում են ղազախական Qazaq Air-ը, իսրայելական El Al-ը, արաբական Flydubai-ն, սերբական Air Serbia-ն, Ուզբեկստանի Qanot Sharq-ը և Turkmenistan Airlines-ը: AZAL-ն ինքը դադարեցրել է թռիչքները դեպի Ռուսաստանի 11 քաղաքներ՝ Կազան, Վլադիկավկազ, Վոլգոգրադ, Գրոզնի, Մախաչկալա, Միներալնիե Վոդի, Նիժնի Նովգորոդ, Սամարա, Սարատով, Սոչի և Ուֆա: