Արտաքին և ներքին սահմանափակումները հաշվի առնե...

Առաջարկվում է, որ 2020 թվականի բյուջեի գործող օրենքով փոփոխություններ իրականացվեն, կառավարության այսօրվա նիստին ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«2020 թվականի բյուջեի մասին օրենքն ընդունելիս գործնականում հնարավոր չէր կանխատեսել այն, ինչ տեղի ունեցավ և չեք գտնի որևէ պետություն, որ համաճարակի հետ կապված զարգացումներին արձագանքած չլինի: Ակնհայտ է, որ Հայաստանը, լինելով բաց տնտեսություն, չի կարող անհաղորդ մնալ արտաքին աշխարհում տեղի ունեցող զարգացումներին և, ըստ էության, արտաքին ցնցումներն իրենց դրսևորումը գտնում են երկրներում տնտեսական աճի վրա բացասական ազդեցությամբ, որն իր հերթին Հայաստանի համար առաջացնում է խնդիրներ», - ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ մյուս կողմից ապրանքային շուկայում տեղի ունեցող զարգացումները չեն կարող չազդել հանքահումքային արդյունաբերության վրա:

«Այդ զարգացումները մեր տնտեսության համար արտահայտվում են արտաքին պահանջարկի թուլացմամբ, զբոսաշրջության ոլորտն ակնհայտ է, որ դադարել է որպես ոլորտ գործունեությունը և դրա վերականգնման վերաբերյալ կանախտեսումները լավատեսական չեն, մասնավոր տրասնվերտների վրա ևս անդրադարձ կլինի», - ասաց նա։

Նախարարը նշեց՝ որպես այս ամենի հետևանք՝ առկա են արտահանման կրճատման սպասումներ, դրամական փոխանցումների ներհոսքի նվազում և ծառայությունների հնարավոր կրճատում:

«Մեր կարանտինը, մեկուսացումը, հիվանդությունների դեպքերն, արտակարգ դրության հետևանքով սահմանափակումները չէին կարող իրենց ազդեցությունը չթողնել, բացի այդ, անորոշության որոշակի աստիճան կա, որը կարող է հանգեցնել և իր ազդեցությունն ունենալ կրճատվող ներդրումների տեսքով, գործազրկության հնարավոր ավելացմամբ և ցածր եկամուտների տեսքով: Այս բոլորը չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ մեր տնտեսության վրա՝ գործնականում բոլոր ճյուղերում: Ներկայացված է, որ վիրուսի դեմ պայքարի շրջանակներում սահմանափակումների հետևանքով կարող է 2-2,4 տոկոս բացասկան ազզդեցություն ունենալ ՀՆԱ-ի իրական աճի տեսանկյունից», - ասաց նա:

Նախարարն ընդգծեց՝ արտաքին և ներքին սահմանափակումները հաշվի առնելով՝ կանխատեսվում է, որ մեր համախառն ներքին արդյունքը կունենա բացասական մեծություն՝ 2 տոկոս չափով, ինչը տարբերվում է տնտեսական աճի ցուցանիշից, որը 4,9 տոկոս էր նախատեսված:

«Դրա արձագանքման քաղաքականություն պետք է իրականացվի և շատ կարևոր է , որ մենք ունենք մինչ այժմ կուտակած պոտենցյալ, որը կարող է այս իրավիճակի համար օգտագործվել: Խոսքը նրա մասին է, որ նախկին հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում ունեցել ենք հնարավորություն ապահովել թե՛ հարկաբյուջետային կայությունությունը, թե՛ պետական պարտքի կայությունությունը: Այլ կերպ ասած՝ դա այն պոտենցյալն է, որը պետք է օգտագործվի և հենց այդ ճանապարհով հակազդման միջոցառումները նախատեսել ենք», - ասաց Ջանջուղազյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ տնտեսական աճի բացասական սպասումը չի կարող չհանգեցնել հարկային եկամուտների նախատեսվածից համեստ ցուցանիշի:

Խոսելով պետական պարտքի մասին՝ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, թե մոտավորապես 260 միլիարդ դրամ է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման գնահատականը։

«Սա նշանակում է, որ նաև ՀՆԱ-ի սպասվող մեծությունը, մեր պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը կաճի և կմոտենա 60 տոկոս մակարդակին, մինչդեռ մենք 2019 թվականին ունեինք 50 տոկոս», - ընդգծեց նա։

Նախարարը նշեց՝ 170 միլիարդ դրամ հարկային եկամուտների պակաս է նախատեսվում և դրա հետևանքով՝ 324 միլիարդ դրամ պակասորդ, որը ՀՆԱ-ի հինգ տոկոսը կկազմի: