Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի ար...

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից, մանրամասնելով, որ դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերահաստատել Հայաստանի ու Իտալիայի միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը։

Դեսպանը շեշտել է աշխատանքի հիմնարար դերը՝ հիշեցնելով, որ այն ամրագրված է Իտալիայի Սահմանադրության մեջ։ 

Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն էլ առաջնահերթություն է տալիս աշխատանքին՝ որպես աղքատության հաղթահարման և մարդկանց ինքնուրույն կյանքի կարևոր նախապայման։ 

Նախարարն ընդգծել է, որ վերջին յոթ տարիներին Հայաստանում ստեղծվել է շուրջ 200 հազար նոր աշխատատեղ, ինչը մեծ հնարավորություն է ստեղծում քաղաքացիների բարեկեցության համար։ Միաժամանակ, նախարարն արձանագրել է պետության շարունակական հոգածության կարևորությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների նկատմամբ՝ ապահովելու վերջիններիս սոցիալական լիարժեք ներառումը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող այլ հարցեր՝ արձանագրելով համագործակցության շարունակականության կարևորությունը։