
Ընդհանուր առմամբ բռնության նկատմամբ մենք բոլորս պետք է զրո հանդուրժողականություն ունենանք, անկախ նրանից բռնության հեղինակը ով է և ում նկատմամբ է այդ բռնությունը կիրառվում։ Այս մասին այսօր, ապրիլի 30–ին, կառավարության նիստից հետո բրիֆինգի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, խոսելով բժիշկների դեմ բռնության հաճախակիացած դեպքերի մասին։
Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք դա ընդհանուր անպատժելիության մթնոլորտի հետևանք չէ, «երբ որ, օրինակ, երեք միլիոն վարչապետներից մեկը տեսնում է, որ մի վարչապետ, օրինակ, Նորքի թաղապետը պայմանական մարդ է ծեծում ուղիղ եթերում, հետևաբար ինքն էլ որպես վարչապետ կարող է մեկ այլ մարդու ծեծել։
Արթուր Չախոյանի ծեծի պահը նախարարը չմեկնաբանեց, իսկ բուժաշխատողների պաշտպանության մասով նշեց, որ շտապօգնության մեքենաների կահավորման հետ կապված պետք է փոփոխություններ արվեն։ Նախ քննարկվում է այդ մեքենաների վրա տեսախցիկներ տեղադրելու հարցը։
«Բացի դրանից, պիտի մասնագիտական հանրության հետ քննարկենք նաև անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված, ինչպիսի միջազգային փորձ կա, ի՞նչ միջոցներ կան, որ մենք կարող ենք դրանք ևս տրամադրել, որովհետև մեր կարծիքով շտապօգնության բրիգադը, անկախ նրանից պացիենտը գոհ է այդ բրիգադի աշխատանքից, թե ոչ, գոհ լինել կամ չլինելը այլ ձևաչափով, այլ տեղում պետք է արտահայտվի և բացառվի որևէ մեկի նկատմամբ բռնության կիրառումը», – ասաց նա։
Նախարարը նշեց, որ ոստիկանության ուղեկցությամբ շտապօգնության մեքենաների երթևեկելը լավ տարբերակ չէ, և այդ ճանապարհով չեն գնա, որպեսզի «այս բացառիկ դեպքերի պատճառով մարդկանց հավելյալ տագնապ չներշնչենք»։
«Մենք կուսումնասիրենք այլ ձևաչափեր, ինչպիսին կան աշխարհում կիրառվող, անհատական պաշտպանության կան մեխանիզմներ և դրանց հետ կապված առաջիկա մեկ ամսվա ընթացքում կամփոփենք, ես նաև հանրային կերպով դրան կանդրադառնամ», – ասաց Անահիտ Ավանեսյանը։
Լրագրողները կրկին անդրադարձան Նորքի թաղապետի գործելաոճին, որն ուղիղ եթերում մարդ է ծեծել, և հարցրեցին, արդյոք Անահիտ Ավանեսյանը դատապարտում է այդ դեպքը։
«Ցավոք սրտի, տեղյակ չեմ, չեմ հասցրել հետևել, բայց ես իմ խոսքի սկզբում էլ նշեցի, որ ցանկացած բռնություն, ես իհարկե դատապարտում եմ, անկախ նրանից, թե ինչ իրավիճակում է դա իրականացվել։ Ցանկացած հարց պետք է լուծվի խոսելու կամ իրավական դաշտում, սա է իմ մոտեցումը», – ասաց Անահիտ Ավանեսյանը։