Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մարտի 14-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային: Հաշվի առնելով Հայաստանի հետաքրքրվածությունը՝ հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ՝ հոբելյանական խաղերը 2027 թվականին՝ դիտարկվել են նման մասշտաբային միջոցառումն անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները:
Ինչպես տեղեկանում ենք Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Արմեն Ղուլարյանը նշել է, որ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ միասին Կոմիտեն նույնպես մեծ պատասխանատվությամբ է մոտենում միջազգային կարևոր իրադարձությանը: Նա ընդգծել է միջոցառման՝ ինչպես մարզական ու մշակութային բաղադրիչների անցկացման, այնպես էլ մասնակիցների և հյուրերի կեցության համար անհրաժեշտ շինությունների ճիշտ ընտրության և բոլոր հարմարությունների ստեղծման կարևորությունը:
Քննարկվել են նաև հոբելյանական խաղերի անցկացման հնարավոր վայրերի օրինակներ: Կարևորվել է վերջին տարիներին միջազգային խոշոր սպորտային միջոցառումներ անցկացնելու Հայաստանի փորձը:
Զեյնա Մինան նշել է, որ այցի ընթացքում անձամբ է համոզվել, որ Հայաստանն ունի մարզական և մշակութային բարձրակարգ ենթակառուցվածքներ: Նա վստահեցրել է, որ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի փորձագետների թիմը պատրաստ է աջակցել Հայաստանին կարևոր միջոցառման նախապատրաստման ընթացքում:
Կողմերը հանդիպումը գնահատել են արդյունավետ և անհրաժեշտ՝ Հայաստանի հնարավորություններն ու անելիքները հստակեցնելու տեսանկյունից: