Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան հեղինակավոր «Аргументы и Факты» պարբերականի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակին: Ստորև թարգմանաբար, որոշ կրճատումներով, ներկայացվում են թերթի նախաբանն ու հարցազրույցը.
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները վերջին տարիներին հեշտ չեն զարգանում. Երևանից մեր երկրի (Ռուսաստանի) հասցեին հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ, ընդհուպ մինչև այն, որ Մոսկվան է մեղավոր Լեռնային Ղարաբաղում Հայաստանի պարտության համար: Ի՞նչ է կատարվում: «АиФ»-ի գլխավոր խմբագիր Իգոր Չերնյակի հարցերին պատասխանել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը.
- Պարոն նախագահ, անցած մի քանի տարիներին Հայաստանում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել՝ երկիրը անցավ հեղափոխության, պատերազմի, երեք տարում՝ երկու անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջով: Ընդ որում, դրանից առաջ Հայաստանը փոխեց Սահմանադրությունը՝ նախագահական կառավարման համակարգից անցում կատարելով խորհրդարանականի: Երկրի ներկայիս ղեկավարությունը հայտարարում է, որ մտադիր է շարունակել լայնածավալ բարեփոխումների ուղղությունը: Կարո՞ղ են արդյոք այդ փոփոխություններն ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա:
- Կարծում եմ, որ Հայաստանը նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի փոխելու որոշումը ճիշտ չէր: Արդյունքում ստացվեց, որ հանրապետությունն ավելի շատ վարչապետական դարձավ: Գործող Սահմանադրությունը շատ թերություններ ունի, և ինքս դրա փոփոխության կողմնակից եմ, որ այն հավասարակշռված լինի: Հակառակ դեպքում ապագայում այս ամենը կարող է հանգեցնել ծանր հետևանքների:
Հասարակ քաղաքացիները չեն հասկանում, թե ինչ է խորհրդարանական հանրապետությունը: Եկեք դուրս գանք փողոց և ցանկացած պատահած մարդու հարցնենք, թե ինչու նախագահը չի կարողանում լավ մարդու նշանակել նախարար կամ ինչ-որ մեկին ազատել աշխատանքից: Հասարակ քաղաքացին ձեզ չի պատասխանի:
Խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք ունեն փորձ, Արևմուտքում կամ Արևելքում կրթություն են ստացել, այսօր չեն կարող գալ իրենց տուն և ծառայել իրենց երկրին, քանի որ մեր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս: Նախարար դառնալու համար դու պետք է 4 տարի ապրես Հայաստանում, լինես միայն Հայաստանի քաղաքացի: Նախագահ դառնալու համար 10 տարի է հարկավոր: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու: Այս աշխարհում ամեն ինչ փոխկապակցված է: Հայաստանին անհրաժեշտ են մարդիկ, որոնք գիտեն աշխարհը, համաշխարհային միտումները, տիրապետում են ինֆորմացիայի, պրոֆեսիոնալ են:
- Դուք ու՞մ մասին եք ասում:
- Օրինակ՝ Նուբար Աֆեյանը, որը Բոստոնում ստեղծել է «Moderna» պատվաստանյութը, չի կարող դառնալ Հայաստանի գիտության նախարար: Դրա համար նա պետք է հրաժարվի իր ամերիկյան կամ կանադական անձնագրից, գա այստեղ և ապրի 4 տարի: Սակայն, եթե նա 4 տարի ապրեր Հայաստանում, ինչպե՞ս պետք է ստեղծեր «Moderna»-ն: Դրա համար սահմանադրական փոփոխությունները շատ կարևոր նպատակ եմ համարում: Պետք է բացել ճանապարհները, կոտրել Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերի միջև եղած բեռլինյան պատերը...
Այո, Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա աշխարհի բոլոր երկրների հետ: Ցանկալի կլիներ, որ լուծվեին Ադրբեջանի հետ խնդիրները, չնայած դա դժվար է: Վատ չէր լինի լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, ինչն ավելի բարդ է:
Սակայն բոլոր երկրների շարքում կա մեկը, որի հետ հարաբերությունները քննարկելն անիմաստ է. դա Ռուսաստանն է, քանի որ չի կարելի քննարկել այն, ինչ ապրիորի է: Մաթեմատիկայում կան թեորեմներ, սակայն կան նաև աքսիոմաներ: Հայաստանի հարաբերությունները ինչ-որ երրորդ երկրի հետ թեորեմ է, իսկ Ռուսաստանի հետ՝ աքսիոմա: Մենք մի քանի հարյուր տարի ապրել ենք Օսմանյան, իսկ հետո՝ Ռուսական կայսրություններում: Արդյունքում՝ հայկական հանրապետությունը, որը կար Ռուսական կայսրությունում, այսօր անկախ Հայաստանն է: Իսկ որտե՞ղ է Արևմտյան Հայաստանը, որը Օսմանյան կայսրությունում էր: Ո՞ւր են այն հայերը, որոնք ապրել են այնտեղ: Այսօր Ռուսաստանում նույնքան հայեր կան, որքան Հայաստանում: Իսկ Թուրքիայում նրանք ավելի շատ էին...
Դուք հարցրեցիք, թե կարո՞ղ են արդյոք ներկա փոփոխություններն ազդեցություն ունենալ Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա: Կարևորն այն է, որ ես նույնիսկ չեմ ցանկանում քննարկել մեր երկրների բարեկամության ամրությունը: Ինձ համար դա աքսիոմա է:
Hay-Tech, Հայկական տեխնոլոգիաներ
- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության մակարդակը: Փոխադարձ առևտրի ծավալը 2020 թվականին նվազել է 8%-ով, ընդամենը 2 մլրդ դոլար է կազմել:
- Այդ տոկոսները, կրկին, ինձ համար չեն, կառավարության համար են: Ես կարող եմ խոսել միտումների և ռազմավարության մասին: Իսկ ռազմավարությունը պարզ է. Հայաստանը Ռուսաստանի համար կարող է հենակետային երկիր դառնալ՝ որոշակի ոլորտների զարգացման համար, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում էր: Հայաստանը հնարավորություն ունի ներգրավել մարդկանց, նոու-հաուներ Արևմուտքից, ԱՄՆ-ից, ամբողջ աշխարհից և դառնալ նոր տեխնոլոգիաների երկիր: Դա լա՞վ է արդյոք Ռուսաստանի համար: Այո, ուղղակի հիանալի է:
Իմ երազանքն է, որ Հայաստանը դառնա բարձր տեխնոլոգիաների երկիր: «Հայ Թեք» (High tech) նշանակում է բարձր տեխնոլոգիաներ: Նկատեցիք՝ high արտասանում ենք՝ «հայ»: Մենք մեր երկիրը անվանում ենք «Հայաստան», «հայ»-երի երկիր: Այսինքն՝ ես հայ եմ: Ես երազում եմ, որ մենք ունենանք «Հայ թեք» (High tech)՝ այսինքն հայկական տեխնոլոգիաներ:
Պարզ օրինակ. խաղողից կարելի է ստանալ հյութ և վաճառել այն Ռուսաստանում, Բուլղարիայում կամ Շվեդիայում: Նաև կարելի է վաճառել չամիչ, գինի, շամպայն: Սակայն արվեստի գլուխգործոցը կոնյակն է: Այդ նույն խաղողից կոնյակ ստանալն ավելի բարդ է, սակայն գինն էլ անհամեմատելի ավելի բարձր է: Եվ այդ կոնյակը հայկական հայ-թեքի (բարձր տեխնոլոգիաների) օրինակ է:
Կամ, օրինակ, ես չեմ կարող Ուզբեկստանի կամ Թուրքիայի հետ մրցակցել լոլիկների քանակով: Սա նշանակում է, որ այն, ինչ արտադրվում է հայկական լոլիկներից, պետք է բարձր տեխնոլոգիական լինի: Ես քանակով չեմ մրցակցում, սակայն կարող եմ մրցակցել որակով: Նույնը վերաբերում է նաև ծրագրավորմանը, արհեստական բանականությանը, կենսատեխնոլոգիաներին և այլն:
- Ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը, և ինչքա՞ն երկար անհրաժեշտ կլինի նրանց ներկայությունն այնտեղ:
- Միշտ: Չգիտեմ՝ կկարողանաք ճիշտ բառ գտնել՝ փոխանցելու իմ զգացողությունները: Ռուսական բանակը տասնամյակներով, հարյուրամյակներով գտնվում է այս տարածաշրջանում: Նրա ներկայությունը չափազանց կարևոր է: Այն, ինչ անում են խաղաղապահները, մեծ նշանակություն ունի թե՛ տարածաշրջանային քաղաքականության, թե՛ Ղարաբաղի կարգավիճակի, տարածաշրջանի ապագայի, վաղը պատերազմը բացառելու շուրջ հնարավոր բանակցությունների տեսանկյունից:
Երևի ես պետք է օգտվեմ հնարավորությունից և Ձեր միջոցով շնորհակալություն հայտնեմ. նրանք, ի վերջո, զինվորներ են: Նրանք կարող էին հանգիստ ծառայել Ռուսաստանի տարածքում, առանց գլխացավի, քանի որ ո՞վ կարող է երաշխավորել, որ վաղը մեզ մոտ ոչինչ տեղի չի ունենա: Սակայն Վլադիմիր Վլադիմիրովիչը և ձեր երկրի ղեկավարությունը դժվար որոշում են ընդունել, ես նրանց ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դրա համար:
- Ձեր կարծիքով, որո՞նք են երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության պատճառները: Արդյո՞ք հնարավոր է երրորդը:
- Երրորդի հնարավորությունը եկեք թողնենք Աստծուն: Առաջին պատերազմում մենք հաղթեցինք, քանի որ 2-3 տարով Ադրբեջանից առաջ էինք զինված ուժերի կազմակերպման, խորհրդային բանակում ծառայած, Աֆղանստանում պատերազմած հայերին օգտագործելու հարցում: Այո, այն ժամանակ ևս կար Թուրքիան, սակայն ոչ այսպիսի ծավալներով. նման բացահայտ կերպով չէր օգտագործվում նաև ՆԱՏՕ-ի զենքը:
Այնուհետև եկան պատերազմին հաջորդած 26 տարիները: Մենք մեծ հնարավորություն ունեինք մեր հաղթանակը վերածելու կայուն խաղաղության: Սակայն մենք չօգտվեցինք դրանից: Եվ լրջորեն սկսեցինք հետ մնալ: Քանի որ Ադրբեջանը, դեռ Հեյդարի Ալիևի ղեկավարությամբ, հասկացավ, որ իր առավելությունը նավթն է, և արեց ամեն բան՝ այն միջազգային շուկա հանելու համար: Արդյունքում, ժամանակի ընթացքում մենք կորցրեցինք բոլոր առավելությունները: Բացի այդ, Ադրբեջանը գնեց մեծ քանակությամբ զինամթերք, բացեիբաց, Թուրքիայի միջոցով մարտի դաշտ բերեց ՆԱՏՕ-ի զենքը, ողջ աշխարհից հավաքեց հազարավոր վարձկանների: Ես Բրյուսելում ուղիղ հարցրեցի իմ գործընկերներին՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Հայաստանի դեմ պատերազմի է դուրս եկել: Բնականաբար, պատասխան չստացա:
- Հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հաշտեցումը, թե՞ ամեն ինչ այլևս առհավետ կորած է:
- Պատասխանը տրիվիալ է՝ ոչինչ հավերժ չէ՝ ո'չ վերջնական հաղթանակը, ո'չ վերջնական պարտությունը: Այս աշխարհում ամեն բան հնարավոր է: Օրինակ, Ֆրանսիան և Գերմանիան մի քանի հարյուր տարի պատերազմել են իրար դեմ, սակայն Երկրորդ աշխարհամարտից հետո ամեն բան փոխվեց: Առաջին հերթին, հանդուրժողականություն ի հայտ եկավ, հանդուրժողականություն հավատի, մշակույթի, շփման հանդեպ: Եթե դա չլիներ, Եվրոպայում միջնադարյան պատերազմները մինչ օրս կշարունակվեին:
Կարծում եմ՝ այս դեպքում նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Թուրքիան՝ հանդուրժողականություն մշակույթի, պատմության, հուշարձանների, հավատի, եկեղեցու և այլնի հանդեպ: Առանց դրա, առանց միմյանց հանդեպ հարգանքի ոչինչ չի ստացվի:
- Պարբերաբար խոսակցություններ են սկսվում այն մասին, որ Հայաստանը կարող է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ, ինչը որոշակի լարվածություն է առաջացնում Ռուսաստանում: Դուք դա որքանո՞վ եք հնարավոր համարում:
- Այդ հարցը պետք է ուղղել վարչապետին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին: ՆԱՏՕ-ի մասին իմ կարծիքն արդեն ասացի, այն հայտնել եմ նաև դաշինքի գլխավոր քարտուղարին: Ինձ համար մինչև հիմա անհասկանալի է, թե ինչպես ստացվեց, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դարձավ այդ պատերազմի մասնակիցը: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ 30 տարվա հարաբերություններ ունի, անգամ իր զինվորներին է ուղարկել աշխարհի տարբեր տարածաշրջանների թեժ կետեր...
Լոգունովից մինչև Պուտին
- Որքանով ես տեղյակ եմ՝ Դուք ընկերներ եք եղել Մոսկվայում բնակվող՝ Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Լոգունովի և հետախուզության լեգենդար վետերան Վարդանյանի հետ: Նրանց հեռանալուց (կյանքից) հետո Ռուսաստանում ընկերներ մնացե՞լ են:
- Ինձ համար դժվար է Անատոլի Ալեքսեևիչ Լոգունովին ընկեր անվանելը: Նա ակադեմիկոս էր, ես՝ երիտասարդ գիտնական, որը զբաղվում էր իրեն հետաքրքրող թեմայով: Սակայն նա մշտապես մեծ ուշադրությամբ էր վերաբերվում ինձ և մեծ ազդեցություն է թողել իմ կյանքի վրա:
Իսկ արդեն Գևորգ Անդրեևիչ Վարդանյանն իսկապես ընկեր էր՝ չնայած մեր տարիքային տարբերությանը: Նրա կինն ու մայրս դեռևս երիտասարդ տարիներին ընկերուհիներ էին Թեհրանում: Ես նրանց հետ ծանոթացա 1996 թվականին, երբ դարձա վարչապետ, քանի որ ցանկանում էի հայկական հետախուզությունն ուժեղացնել: Ո՞վ, եթե ոչ նա, կարող էր այդ հարցում դառնալ գլխավոր խորհրդատուն: Գևորգ Անդրեևիչն ինձ համար նույնն է, ինչ Էյնշտեյնը՝ ֆիզիկայում: Նա մեծ հետախույզ էր ու մեծ մարդ:
Ընդհանրապես, ես Ռուսաստանում միշտ շատ ընկերներ եմ ունեցել: Սակայն կա ընկերություն, որի մասին չի կարելի մոռանալ՝ Վիկտոր Ստեպանովիչ Չեռնոմիրդինի հետ: Մենք ծանոթացանք 1985 թվականին և, ստացվեց այնպես, որ միանգամից ընկերացանք: Երբ ես դարձա վարչապետ, շատ հարցեր շատ արագ էին լուծվում: Մոսկվա կատարած իմ առաջին իսկ այցի ժամանակ մենք ստեղծեցինք «ԱրմԳազՊրոմ»-ը, որն այժմ կոչվում է «Գազպրոմ Արմենիա»: Մտածեցինք մի գիշերվա ընթացքում, իսկ հաջորդ օրը հուշագիր ստորագրեցինք:
- Սակայն Չեռնոմիրդինը ևս վաղուց մահացել է: Ռուսաստանի հետ էլի ինչ-որ բան կապո՞ւմ է:
- Ամեն բան է կապում: Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է կապում, ում հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք: Իհարկե, միջպետական կապերը չեն կարող կառուցվել երկրի ղեկավարների համակրանքների կամ հակակրանքների վրա: Եվ, այդուհանդերձ, անձնական հարաբերությունները մեծ նշանակություն ունեն: Ինձ Ռուսաստանի հետ կապում են գիտության, բիզնեսի իմ մեծաթիվ ընկերները: Կապում է իմ կյանքը, քանի որ ես, ամեն դեպքում, խորհրդային մարդ եմ: Մոսկվայում ինձ զգում եմ ինչպես տանը, թեպետ, օրինակ, Ալմաթիում ևս զգում եմ ինչպես տանը: Ուսանողական տարիներին եղել եմ Տաշքենդում, Սամարղանդում, Բուխարայում, և այդ ամենն իմ կյանքի մի մասն է: Իսկ Ռուսաստանը՝ առավել ևս:
Բացի այդ, ինձ Ռուսաստանի հետ կապում է ռուսական մեծ մշակույթը՝ գրականությունը, լեզուն, արվեստը, երաժշտությունը, շատ ընկերներ ունեմ երաժիշտների, կոմպոզիտորների մեջ: Ես զարմացա, որ կարծում էիք, թե Ռուսաստանում ընդամենը երկու ընկեր ունեմ: