Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պ...

Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տան խորդանոցում հայտնաբերվել է պարկ՝ լցված մոտ 900 գրամ կանեփանման զանգվածով։

Ըստ 43-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը իրեն պատկանող թմրամիջոց է՝ անձնական օգտագործման համար։

Արմավիրի քրեական ոստիկանները նույնօրինակ տեղեկություններ էին ստացել նաև վարդաշենցի 55-ամյա մի տղամարդու վերաբերյալ։ Ըստ տեղեկության՝ տղամարդը տանն ու կից օժանդակ շինությունում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կից շինության զննությամբ հայտնաբերվել է արկղ՝ լցված մոտ 210 գրամ կանեփանման զանգվածով։

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն և անձնական օգտագործման համար է։

Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։