Կառավարության հաջորդ նիստին կներկայացվի որոշման նախագիծ, որով կառաջարկվի պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել գույք. Խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 2005 թվականի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ-ին տրամադրված հողամասի մասին է, որը ունեցել է զորամասի կարգավիճակ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
«Դրանք Երասխ-1 եւ Երասխ-2 զորամասերն են: Երասխ-1-ի վերաբերյալ գործը դեռեւս գտնվում է դատաքննության փուլում, իսկ Երասխ-2-ը հաջորդիվ կամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին»,-ասաց նա:
Աննա Վարդապետյանը ներկայացրեց նախապատմությունը. «ԱԱԾ քննչական դեպարատամենտում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնը տվյալ ժամանակահատվածում զբաղեցրած անձը, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել էր կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ-2» տարածքը 0.9 հա մակերեսով և դրա վրա առկա շինությունները:
2023-ի փետրվարի 7-ին ԱԺ քննարկմանն իմ կողմից ներկայացվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր, որը բավարարվեց, և, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, նախկին նախարարի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում: Ներկայումս գործը գտնվում է դատական քննության փուլում:
Քրեական գործից բացի՝ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույցթի շրջանակում 2023-ի մայիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նորայր Կարապետյանի և երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2009-ի հունվարի 13-ին Պաշտպանության նախարարության և Նորայր Կարապետյանի միջև կնքված առուծախի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքները:
2023 թվականի սեպտեմբերի 11-ին դատավարության մասկիցների միջև կնքվել է հաշտության համաձայնություն և ներկայացվել դատարան:
Հաշտության համաձայնությամբ պատասխանողն ընդունել է գլխավոր դատախազության պահանջը և պարտավորվել նշված պայմանագրով օրենքի խախտմամբ ստացված Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը վերադարձնել ՀՀ-ին:
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնությունը, որից հետո նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը:
Հաջորդիվ ներկայացվող նախագծով կառաջարկվի գույքն ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասաց գլխավոր դատախազը:



