Արման Թաթոյան․ Հայաստանի քաղաքական դաշտի եվրո...

Մի քանի տարի է, ինչ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քաղաքական ու քարոզչական թիմերը փորձում են քաղաքական ասպարեզ բերել իրենց կողմից ժամանակին ՄԻՊ նշանակված Արման Թաթոյանին։ Այս ընթացքում նրանք օգտագործել են հնարավոր բոլոր մեթոդները, բայց համառորեն չի ստացվում Թաթոյանից քաղաքական կերպար ստանալ։

Միայն վերջին երկու տարվա ընթացքում իրենց վերահսկողության տակ գտնվող մամուլի միջոցներով հայտարարել են, որ Թաթոյանի համար կուսակցություն են բացելու, բայց ամեն անգամ ինչ-որ բան խանգարում է։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ամեն անգամ խանգարող հանգամանք է դառնում Արման Թաթոյանի կենսաբանական մակարդակի վախը իշխանության արձագանքից։ Նա վախենում է, որ իր որևէ կտրուկ խոսքը կբերի թիրախավորման, որին իր նուրբ հոգին չի դիմանա։

Թաթոյանը, իհարկե, դեմ չէ ապագա իշխանության մեջ որևէ դիրք զբաղեցնելուն, բայց միայն այն դեպքում, երբ դրա համար իրենից ոչինչ չպահանջվի։ Կարճ ասած՝ բոլորը իր համար վիզ դնեն, իսկ նա վերջում հրավիրվի որևէ պաշտոն զբաղեցնելու։ Մնացած բոլոր տարբերակները խիստ վտանգավոր են իր համար։

Հատկապես վերջին տարիներին Հայաստանում քաղաքական դաշտը առավել նման է մարտադաշտի, և Թաթոյանի նման գործիչները միայն կարող են դիտորդական առաքելություն իրականացնել ու անդեմ հայտարարություններ անել՝ ճիշտ այնպես, ինչպես ԵՄ դիտորդներն են դիտարկում հայ-ադրբեջանական սահմանը և բոլորին բավարարող հայտարարություններ անում։ Թաթոյանն էլ Հայաստանի քաղաքական դաշտի եվրոդիտորդն է, և ըստ ամենայնի՝ այդպես էլ Սերժ Սարգսյանին չի հաջողվի նրան ներգրավել քաղաքական դաշտ, իսկ եթե դա տեղի էլ ունենա, ապա շատ արագ նրան դուրս կբերեն՝ որպես քաղաքական թեժ պայքարի անժամանակ նահատակ։