Արման Աբովյանը ընթերցեց ԱԺ հայտարարությունը

Ընթացող ԱԺ հատուկ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ասաց, որ բոլորիս համար էլ կարեւոր է հասկանալ, թե ինչ է կատարվում հայ ադրբեջանական սահմանին։ Նա մասնավորապես ասաց, որ անընդունելի է ստեղծված վիճակը եւ աննորմալ։ «Դրա հետ մեկտեղ պետք է անմիջապես տեղեկություն ստանալ պատասխանատու գերատեսչություններից, որոնք այս կամ այն կերպ կապված են Սյունիքում տիրող իրավիճակի հետ»։ Նա նաեւ ընթերցեց ԱԺ հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է․

«ԱԺ արձնագրում է, որ  Սյունիքի մարզի Սև լիճ տարածքում ադրբեջանական զինուժը սահմանների ճշգրտման և որոշակի աշխատանքներ կատարելու պատրվակով ներթափանցել է ՀՀ տարածք՝ խորանալով դեպի Վերինշեն բնակավայր։ Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներն այս պահին շարունակում են գտնվել ՀՀ տարածքում ՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ ՀՀ անվտանգության խորհրդի մայիսի 13-ի նիստում արձնագրվել է, որ արդեն երրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է։ Ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են ՀՀ -ի համար։ Դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ  ինքիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ն որևիցե դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը»։  Պատգամավորը շարունակեց․ «Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված հիմնարար սկզբունքները , ինչը ՀՀ-ին իրավունք է վերապահում իրականացնել միջազգային իրավունքով և ՀՀ սահմանդրությամբ, օրենսդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ։ ԱԺ-ն  հայտարարում է ՝ ձեռնարկվելու են վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ ժողովրդին և ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով»։

ԱԺ-ն նաև կոչ արեց միջազգային հանրությանը՝ դատապարտել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը։