Այդ կարմիր և սև բերետավորները մեր ոստիկանության աշխատակիցներն են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:
«Այն նույն բերետավորներն են, որոնք աշխատում էին նաև ձեր և ձեր կոալիցիա կազմած իշխանության օրոք կամ դրանից առաջ և միգուցե աշխատեն նաև դրանից հետո:
Ի՞նչ է նշանակում՝ «ձեր կարմիր բերետավորները». նրանք ՀՀ ոստիկանության ստորաբաժանում են, որոնք կատարում են իրենց գործը: Կամ ի՞նչ է նշանակում՝ «տեսե՞լ եք՝ ինչ են արել սև բերետավորները»: Տեսել ենք, հարգելի գործընկերներ, շատ մեղմ վերաբերմունք են ցույց տվել այն օրինախախտների նկատմամբ, որոնք փորձել են գրոհել ՀՀ պետական պահպանության տակ գտնվող շենքի՝ ԱԺ-ի վրա»,- ասաց Գրիգորյանը:
Ապա անդրադառնալով ՊՊԾ-ի մասին շահարկումներին՝ պատգամավորը նկատեց. «Պետական պահպանության ծառայությունը բացի իշխանական պետական մարմիններից, պահպանում է նաև ձեր շեֆին՝ Ռոբերտ Քոչարյանին, դրանից հետո՝ Սերժ Սարգսյանին, դրանից առաջ՝ Լևոն Տեր Պետրոսյանին: Ի՞նչ է նշանակում «պադավատներ», կամ որ շատանում է ՊՊԾ աշխատակիցների թիվը, դա ի՞նչ է նշանակում, որ ՀՀ պետական պաշտոն զբաղեցնող անձը, ով կարևոր դեր ու նշանակություն ունի երկրի զարգացման և մնացածի համար, նրան պիտի պահպանեն, այո, և այս երկրում երբևիցե չպետք է լինի «Հոկտեմբերի 27», երբ գլխատվեց Հայաստանը»:
Իշխանական պատգամավորը, դիմելով ընդդիմադիրներին, հետաքրքրվեց. «Ընդհանրապես հարցրե՞լ եք ձեր շեֆին, միգուցե գա և հրաժարվի ՊՊԾ անվտանգությունից, պադավատներից, հարցրեք, որովհետև միշտ դա շահարկում եք: Կհորդորեմ ձեր ղեկավարին հորդորեք՝ թեկուզ ՊՊԾ պաշտպանության ներքո դուրս գա՝ մարդիկ բան ունեն ասելու, երկար տարիներ դուրս չի գալիս»:
Նա անդրադարձավ նաեւ Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե սրանից հետո մարդիկ պետք է Արարատ սարի փոխարեն Արագածի նկարը կախեն իրենց տներում, հակառակ դեպքում պրոբլեմ կունենան: Նա վստահեցրեց, որ տանն Արարատ լեռան նկարն ունի ու «պրոբլեմ չունի»:
«Մասիս սարի նկարն էլ ունեմ, Արագածի նկարն էլ ունեմ, նաև Էվերեստի նկարն ունեմ։ Չէ՛, ոչ մի պրոբլեմ չի, արխային կարաք ունենաք»,- ասաց նա:
Նա ասաց, թե բաժակը ձեռքին՝ ընդդիմությունից ավելի լավ հայրենասիրական ճառեր կարող է ասել. «Խնդիրը դրանում չէ, հայրենասերն այն մարդն է, ով ՀՀ պետական բյուջեից 100 դրամ չի գողացել»,- նշեց Գրիգորյանը: